5 փետրվարի 2015 - 14:18 AMT
Ռուսական ԶԼՄ-ներ. Պերմյակովի մոտ ախտորոշվել է օլիգոֆրենիա, նրան իրավունք չունեին զորակոչելու (թարմացված)

Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի գործով ֆիգուրանտ է դարձել ՌԴ Բալեյ քաղաքի զինկոմիսարը: Նրան մեղադրում են հոգեպես անհավասարակշիռ նորակոչիկին զինծառայության զորակոչելու համար, գրում է Pravda.ru-ն: Քննիչները կարծում են, որ զինկոմիսարը կարող էր միտումնավոր կերպով զորակոչել Պերմյակովին, ուստի թաքցրել է նրա հոգեկան շեղումների փաստերը՝ քողարկելով դրական բնութագրով:

«Պերմյակովի դասղեկը, որին ես ճանաչում եմ, անձամբ է բերում զորակոչիկներին, ինչպես նաև բոլոր փաստաթղթերը, որ անհրաժեշտ են ծառայության անցնելու համար, այդ թվում բնութագիրը: Հետագայում փաստաթուղթն ուսումասիրում է հոգեբույժը: Անշուշտ, բժիշկն առաջին անգամ է տեսնում նորակոչիկներին, ուստի հաճախ կողմնորոշվում է բնութագրով»,- մեջբերում է Life News-ը զինկոմի հայտարարությունը:

Պերմյակովի հոգեկան խնդիրների մասին գիտեին նաև Չիտայում՝ թիվ 21250 զորամասում, որտեղ նա սկսել է ծառայությունը: «Նրան ժամանելուն պես զննության են ուղարկել հոգեբույժի մոտ, շեղումներ հայտնաբերել նրա վարքագծում: Նրան նաև ընդունելության են ուղարկել 15-րդ բաժանմունքի բժշկի մոտ»,-ասել է զորամասի փոխհրամանատար Սերգեյ Գուրուլևվը:

Սակայն, երբ Պերմյակովին Գյումրի են տեղափոխել, չեն հայտնել, որ զինվորը բուժում է անցել հոգեբուժական բաժանմունքում:

Հրամանատարի և զորամասի ղեկավարի դեմ քրեական գործեր են հարուցվել «Անփութություն» հոդվածով: Նրանք շարունակում են պաշտոնավարել, սակայն, եթե նրանց մեղքը հաստատվի, նրանք կհեռացվեն:

«Նախկինում նրա մոտ արդեն ախտորոշվել է օլիգոֆրենիա: Նրան ընդհանրապես իրավունք չունեին զորակոչելու, առավել ևս մարտական զենքով հերթապահություն վստահելու»,-իր հերթին հայտնում է Գազետա.ռու-ն՝ սեփական աղբյուրի վրա հղումով: Ըստ նրա, հանցագործությունը միանգամայն անտրամաբանական էր այն տեսակետից, թե ինչպես է զինծառայողը վարվել զենքի և այլ իրեղեն ապացույցների հետ:

«Առաջինը, քննիչներն ընդհանրապես չեն հասկանում, թե ինչու է նա սկսել կրակել: Չէ որ, ըստ Պերմյակովի, նրան փող ու քաղաքացիական հագուստ էր հարկավոր: Եվ եթե նա ուղղակի ինքնաձիգն ուղղեր մարդկանց վրա ու պահանջեր, ինչ որ պետք էր, նրան ամեն ինչ կտային՝ չվտանգելու համար սեփական կյանքը: Բացի այդ, սպանությունից հետո նա հանցանքի վայրում է թողել համազգեստն ու զինվորական կոշիկներն անվանական նշումով, ինչպես նաև ինքնաձիգը, որն ամրագրված էր հենց Պերմյակովին»,-նշել է պարբերականի զրուցակիցը:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ (սպանություն) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն) հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրված է կալանքը: Միաժամանակ, որոշում է կայացվել Վալերի Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (այն է՝ երկու կամ ավելի անձանց սպանություն, ինչը պատժվում է 8-ից 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ) հարուցված քրգործով:

Ձեռնարկվել են քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական այլ միջոցառումներ: Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել: Մեղադրյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարեց, որ սպանության գործով նախաքննությունն ամբողջ ծավալով իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն, դրա շրջանակներում քննչական և դատավարական գործողությունները կատարվում են ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթների հիման վրա:

Համատեղ հետաքննության շրջանակում նշանակվել և անցկացվում են մի շարք դատաքրեագիտական փորձաքննություններ: Առաջիկայում հոգեբանական և հոգեբուժական փորձաքննություն կիրականացվի, ինչը նախատեսված է օրենքով նման հանցանքների դեպքում, ասել են Քննչական կոմիտեում: Պերմյակովից նմուշներ են վերցվել՝ հանցագործության վայրում ավելի վաղ հայտնաբերված հետքերի հետ համեմատական կենսաբանական, գենետիկական և քրեագիտական փորձաքննություններ անցկացնելու համար:

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային: