6 փետրվարի 2015 - 16:44 AMT
Թուրքիան գաղտնի է պահում Դարդանելի մարտերի 100 ամյակի միջոցառումների ցուցակն ու մասնակիցների անունները

Թուրքիայի պաշտոնական շրջանակներում մտավախություն է առաջացել, թե հայկական լոբբիստական ուժերը ձեռնամուխ են եղել խոչընդոտել Դարդանելի (Չանաքքալե, Գալիպոլի) մարտերին միջոցառումներին հրավիրված բարձրաստիճան հյուրերի հնարավոր մասնակցությունը:

«Նման տեղեկություն ստացած Անկարան պատրաստվում է գաղտնի պահել Դարդանելի մարտերի 100 ամյակի միջոցառումների ցուցակը: Միջոցառումներին իրենց մասնակցությունը հաստատած անձանց անունները ևս մինչև վերջին պահը չեն հանրայնացվելու»,- հաղորդում է Ermenihaber-ը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դարդանելի պատերազմական գործողությունների (Չանաքքալեի ճակատամարտ) 100-ամյակի կապակցությամբ պետականորեն կազմակերպելիք միջոցառումներին, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, հրավիրել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նշվում է, որ Անկարան պատրաստվում է 2015-ի ապրիլի 23-24-ին հյուրընկալել 102 երկրի նախագահի կամ վարչապետի, որոնց ուղարկվել են մասնակցության հրավերներ: Նույն օրը ՀՀ նախագահը պատասխանել է հրավերին մերժումով:

ՀՀ նախագահի պատասխան նամակում մասնավորապես ասված է. «Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին:

«Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:

Հետգրությամբ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ դեռևս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել է Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:

Կարդացեք նաև՝Թուրքական ՀԿ-ներն աշխարհի առաջնորդներին կոչ են անում ապրիլի 24-ին գնալ Երևան, ոչ թե Գալիպոլի

Photo: Outgoing.upjet.com.tr