10 փետրվարի 2015 - 14:31 AMT
Ռուսական կողմը Պերմյակովի գործով կարող է որպես մեղադրող ներկայանալ

ՌԴ դատախազության ներկայացուցիչները կարող են հանդես գալ որպես մեղադրող կողմ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար մեղադրվող ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովի գործով, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ռուսաստանի գլխավոր զինդատախազ Սերգեյ Ֆրիդինսկին հայտարարել է, որ հարցը դեռևս չի քննարկվել, սակայն միանգամայն հավանական է համարել դա: Ըստ նրա, զինդատախազությունը պատրաստ է մասնակցել դատավարությանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազը հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:

Հայտնի է նաև, որ Վալերի Պերմյակովի դատը կանցնի Հայաստանում` ռուսական ռազմակայանի տարածքում: Կողմերը համաձայնության են եկել այդ մասին Հայաստանում տեղակայված ռազմակայանի կարգավիճակի մասին երկկողմ համաձայնագրի հիման վրա: Հայտարարվել էր նաև, որ համաձայնեցվում է համատեղ մեղադրական եզրակացությունը` ռուսական օրենսդրության հիման վրա: «Քանի որ Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստով քրեական գործը միաժամանակ հետաքննում են և ռուսական, և հայկական կողմերը, խնդիրը լուծվում է ռուսական քրեական օրենսդրության վրա հիմնված համաձայնեցված միասնական մեղադրական եզրակացության ընդունման միջոցով»,-ասել էր Ինտերֆաքսի զրուցակիցը:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ (սպանություն) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն) հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրված է կալանքը: Միաժամանակ, որոշում է կայացվել Վալերի Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (այն է՝ երկու կամ ավելի անձանց սպանություն, ինչը պատժվում է 8-ից 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ) հարուցված քրգործով:

Իսկ հունվարի 19-ին Գյումրիի քաղաքապետարանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղերձ էր հղել, որում, մասնավորապես, նշվում էր՝ ակնկալվում է Կոստանյանի միջնորդությունը, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահներին, որոնք կապահովեն գործի քննության արդարացիությունը և թափանցիկությունը, իսկ դատավարությունը տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում:

Ձեռնարկվել են քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական այլ միջոցառումներ: Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել: Մեղադրյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Արձագանքելով վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներում հայտնված որոշ հրապարակումներին՝ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարեց, որ սպանության գործով նախաքննությունն ամբողջ ծավալով իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն, դրա շրջանակներում քննչական և դատավարական գործողությունները կատարվում են ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթների հիման վրա:

Համատեղ հետաքննության շրջանակում նշանակվել և անցկացվում են մի շարք դատաքրեագիտական փորձաքննություններ: Առաջիկայում հոգեբանական և հոգեբուժական փորձաքննություն կիրականացվի, ինչը նախատեսված է օրենքով նման հանցանքների դեպքում, ասել են Քննչական կոմիտեում: Պերմյակովից նմուշներ են վերցվել՝ հանցագործության վայրում ավելի վաղ հայտնաբերված հետքերի հետ համեմատական կենսաբանական, գենետիկական և քրեագիտական փորձաքննություններ անցկացնելու համար: