12 փետրվարի 2015 - 13:39 AMT
«Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն». Հրանտ Մաթևոսյանը կդառնար 80 տարեկան

«Այստեղ դուք ունիք մեկը, որ մեծ անձնավորություն է համաշխարհային գրականության մեջ: Ան Հրանտ Մատթէոսյանն է: Որևէ ազգի մեջ իրմե լավ պատմություն գրող չկա: Անոր գրությունները խորունկ ձևով ցույց կուտան հայոց մասնակցություն մարդկության պատմության: Ուրիշ ազգության մեջ ուրիշ գրող Հրանտ Մատթէոսյանի պես չի կրնար գրել: Ես կարդացած եմ իր գործերը թարգմանությամբ: Ինքը հայության մասին կգրե, և այդ հայությունը այնքան ճիշտ է, որ ես կզարմանամ, կուրախանամ և հպարտ կզգամ: Շատ գրողներ, բանաստեղծներ ունիք, բայց պետք է ներեք ինձի, եթե ըսեմ, որ ան ուժը, որ անհրաժեշտ է, հսկայակա՜ն, Հրանտ Մատթէոսյանի մեջ է: Եվ կուրախանամ, որովհետև ազգ մը, պիտի ընդունիք աս, աշխարհին կճանչցվի իր արվեստով: Եվ որ արվեստը այդքան ահագին ըլլա, օտարին միտքին մեջ ազգն ալ կմեծնա»,- մի առիթով աեսել է Վիլյամ Սարոյանը:

Այսօր` փետրվարի 12-ին, Հրանտ Մաթևոսյանը կդառնար 80 տարեկան: Շուրջ 40 լեզուներով թարգմանված Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935-ին Ալավերդու - Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում: Սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում՝ պատմա-լեզվագրական բաժնում, 1965-66-ին մասնակցել Մոկվայի կինոսցենարների դասընթացներին: Նրա նախասիրած ժանրը վիպակն է՝ նովելը:

Քո բոլոր ճակատամարտերն այլևս տանուլ են տրված: Քո երկրից հաղթանակ տարած ոչ մի զորավարչ չի մեծարվել հաղթակամարով: Ոչնչացվել են կռվողների քո փոքրիկ խմբերը լեռներում ու կրրճերում: Դու ոչ մի հաղթանակ չուենես: ...Դու պիտի այն անես, ինչ անում են պարտված բանակները: Պարտված բանակները հաղթողների համար կանգնեցնում են իրենց պարտության հուշասյունը»,- Հրանտ Մաթևոսյան, «Թափանցիկ օր»:

Գրել է «Մենք ենք - մեր սարերը», «Բեռնաձիեր» (Оранжевый табун, The Orange Herd), «Խումհար» (Похмелье, Hangover), «Տաշքենդ», «Աշնան արև» (Мать едет женить сына, Autumn sun /Mother Leaves To Give To Marriage Her Son/) վիպակները, «Տերը» կինովիպակը, պատմվածքներ, պիեսներ:

«Լա՛վը չես, խեղճ ես, լավը չես, զավա՛կս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լա՛վը չես, մեջդ վրեժ չկա»,- Հրանտ Մաթևոսյան,«Ծառերը»:

Հարցազրույցներից մեկի ժամանակ Սերգեյ Դովլաթովը, անդրադառնալով իր հայկական ծագմանը, նշել է, որ երբ կարդում է հայաստանյան իրադարձությունների մասին, պատկերացնում է` ինչ է զգում Մաթևոսյանը:

«Մի գրական կոնֆերանսի ժամանակ ես ծանոթացա Հրանտ Մաթևոսյանի հետ: Նա ինձ բոլորովին նման չէ, նա իսկական հայ է, խելագարվում է այն ամենից, ինչ կատարվում է հայրենիքում: Նա այնքան ամաչկոտ, անկեղծ, բարի, հրեշտականման մարդ է, որ նրա հետ ընկերանալով, սկսեցի նայել այսպես ասած նրա աչքերով: Երբ կարդում եմ հայաստանյան իրադարձությունների մասին, ես պատկերացնում եմ, թե ինչ է զգում Մաթևոսյանը: Այ ասպես՝ նրա հանդեպ տածած սիրո միջոցով, իմ մեջ ինչ-որ հայկական զգացմունքներ առաջացան...»

«Մարդիկ եթե չլինեին` աշխարհը տխուր կլիներ...տխուր ու գեղեցիկ կլիներ: Հիմա ոչ տխուր է, ոչ էլ գեղեցիկ, ոչ էլ գիտես ինչ անես...»,- Հրանտ Մաթևոսյան

Մաթևոսյանի երկերի հիման վրա և նրա սցենարներով Հայֆիլմում նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը» (1969 թ.), «Օգոստոս» (1976 թ.), «Աշնան արև» (1977 թ.), «Տերը» (1984 թ.) գեղարվեստական կինոնկարները:Մաթևոսյանը 1996-ին պարգևատրվել է ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: 2004-ին Հայաստանի գրողների միությունը սահմանել է Մաթևոսյանի անվան մրցանակ: ՀրանտՄաթևոսյանի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց:

« Հաղթած բանակների գեներալները պարտված բանակների գեներալներին չեն կախում, այլ նստում են նրանց հետ հացի և որովհետև բանակային օրապահիկը չի բավականացնի խնջույքին` հաղթած բանակի գեներալները շանսատակ են անում իրենց բանակի բանաստեղծներին»,- Հրանտ Մաթևոսյան, «Մեծամոր»

Հայ արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002-ի դեկտեմբերի 18-ին Երևանում:

Photo: Սամվել Սևադա