18 փետրվարի 2015 - 11:06 AMT
Թուրքիան «կշարունակի ՀՀ հետ հարաբերությունների կարգավորմանն» ուղղված քաղաքականությունը

Անկարան նախկինի պես հավատարիմ է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման մասին արձանագրություններին, որոնք Հայաստանն ու Թուրքիան ստորագրել են 2009 թ. հոկտեմբերին, ասուլիսում հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Թանջու Բիլգիչը:

Նա հայտարարել է, թե Երևանը որոշել է հետ կանչել Հայաստան-Թուրքիա արձանագրությունները, Թուրքիային «մեղադրելու առիթ ունենալու համար» Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին: Նա արձանագրությունները հետ կանչելու մասին Հայաստանի նախագահի որոշումը որակել է որպես «սխալ ու անհաջող», իսկ Երևանի դիրքորոշումը՝ «անհետևողական ու ոչ անկեղծ»: «Թուրքիան համամիտ չէ հայկական կողմի դիրքորոշման հետ և կշարունակի հարաբերությունների կարգավորմանը միտված կուրսը»,-հավելել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Փետրվարի 16-ին նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Հանրապետության Նախագահի նամակում, մասնավորապես, ասված է.

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները: Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չունեինք, և միջազգային հանրության համար պարզ էր դառնալու, թե իրականում որ կողմի մեղքով այդպես էլ չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը և բաց թողնվեց հնարավորությունը:

Արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում: Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը:

Ժամանակի անսպառ չլինելու մասին խոսել եմ բազմիցս, այդ թվում՝ 2014 թվա-կանի սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից: Ցավում եմ, որ Հայաստանի այդ հորդորը լսելի չեղավ Թուրքիայի ղեկավարության համար: Ուստի, ես որոշում եմ կայացրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ»:

Photo: Trt.net.tr