18 փետրվարի 2015 - 10:49 AMT
Իրավիճակը Հալեպում լարվել է. Հրթիռակոծվել է հայաբնակ Ազիզիեն

Արդեն մի քանի օր է՝ Սիրիայի բանակը Հալեպում և դրա արվարձաններում ռազմական լուրջ գործողություններ է սկսել՝ զինյալ խմբավորումների վերահսկողության տակ գտնվող շրջանները գրավելու նպատակով, հայտնում է Tert.am-ը «Բերիո լուրեր»-ին հղումով:

Մինչ սիրիական բանակը նկատելի առաջընթաց է գրանցել քաղաքի հյուսիսային ու արևմտյան արվարձաններում, քաղաքում գտնվող ահաբեկչական խմբավորումները թիրախ են ընտրել երկրի խաղաղ բնակչությանը: Սիրիայի տնտեսական մայրաքաղաքը համարվող Հալեպի տարբեր թաղամասեր երեկ ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծությունների թիրախում են հայտնվել: Հիմնականում հրթիռակոծվել է քրիստոնյա և հայաբնակ Ազիզիե շրջանը:

Հրթիռակոծվել է նաև քաղաքի կենտրոնում գտնվող Բըսթան Քըլափ շրջանը, ուր հիմնականում խանութներ են: Այդ շրջանում գազի բալոնով պատրաստված 5 հրթիռ է արձակվել:

Այնտեղ խանութ-արհեստանոցներ ունեն նաև շատ հայեր, և հրթիռներից մեկն ընկել է հենց հայ արհեստավորի տարածքում, բայց բարեբախտաբար չի պայթել:

Հրթիռակոծվել են նաև այլ թաղամասեր: Դրանց հետևանքով զոհվել է 8, վիրավորվել՝ 36 մարդ: Գրանցվել են նյութական վնասներ. վնասվել են բնակարաններ, խանութներ, ավտոմեքենաներ: Քաղաքի բնակչությունը վախի ու սարսափի մեջ է եղել:

Հալեպում վիճակը լարված է եղել նաև նախորդ օրը: Սըրիան ալ-Ադիմ շրջանում ընկած հրթիռների հետևանքով բազմաթիվ զոհեր ու վիրավորներ են գրանցվել:

Ի դեպ, վերջին օրերին տեղեկություններ են տարածվել այն մասին, որ սիրիական բանակը շրջափակել է Հալեպը՝ օղակի մեջ առնելով այնտեղ գտնվող ահաբեկչական խմբավորումներին: Վերջին օրերին գրանցված լարվածությունը հավանաբար դրա հետևանքն է:

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարուց ավելի: Իրար դեմ են կռվում կառավարական բանակը, չափավոր ապստամբները, իսլամիստական խմբավորումը, այդ թվում «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրան» և ծայրահեղական «Իսլամական պետությունը»: Այս ընթացքում մոտ 200 հազար մարդ է զոհվել:

Մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն:

Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում 100 հայ է զոհվել:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

Photo: Reuters