19 փետրվարի 2015 - 11:25 AMT
ԼՂՀ նախագահը Մինսկի խմբին է ներկայացրել ադրբեջնական դիվերսիաների բացասական հետևանքները

ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը փետրվարի 19-ինընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիկին և Պիեռ Անդրիոյին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը:

Համանախագահները բանակի հրամանատարին են ներկայացրել տարածաշրջանային այցի արդյունքները, քննարկել հակամարտության կարգավորման հնարավոր հեռանկարները: Այնուհետև նրանց խնդրանքով Մովսես Հակոբյանն անդրադարձել է շփման գծում տիրող իրադրությանն ու հրադադարի խախտման դեպքերին: Վերջում Արցախի ռազմական գեչատեսչության ղեկավարը պատասխանել է համանախագահներին հետաքրքող հարցերին:

Մինչև այդ՝ փետրվարի 18-ին, համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչինընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը, տեղեկացրել են նախագահի աշխատակազմից:

Փետրվարի 16-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այցելել են Ադրբեջան, փետրվարի 17-ին նրանք ժամանեցին Երևան, որտեղից մեկնեցին Լեռնային Ղարաբաղ:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Բակո Սահակյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից զինադադարի կոպիտ խախտումները նոր, շատ ավելի բացասական որակ և դրսևորումներ են ստացել, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացին, միջնորդների կողմից կատարվող աշխատանքին և տարածաշրջանում կայունության պահպանմանը՝ հավելելով, որ նման քաղաքականությունը որևէ ձևով չի կարող ազդել Արցախի ժողովրդի՝ ազատ, անկախ պետություն կերտելու և նրա անվտանգությունը հետևողականորեն ամրապնդելու կամքի ու վճռականության վրա:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ու պաշտոնատար այլ անձինք:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ հանդիպմանը շարունակվել են քննարկումները՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ հունվարի 27-ի համանախագահների հայտարարությունից, փետրվարի 7-ի ԵԱՀԿ գործող նախագահի և եռանախագահների հայտարարությունից հետո Բաքուն, բացահայտ արհամարհանք դրսևորելով, շարունակել է հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, սադրանքները և եռանախագահների կողմից մատնանշված անթույլատրելի հռետորաբանությունը։ Անդրադառնալով խաղաղության պայմանագրի մշակմանը իբր ձեռնամուխ լինելու մասին Բաքվի մտասևեռմանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը իրականում նպատակ է հետապնդում ձախողել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ տարիների բանակցային գործընթացի արդյունքները:

Բաքուն փորձում է օգտագործել իր իսկ պատճառով հակամարտության չլուծված լինելը՝ արդարացնելու համար երկրի ներսում մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումները, ընդդիմախոսների դեմ բռնաճնշումները։

«Երբ համաձայնություն ձեռք բերվի հիմնարար սկզբունքների վերաբերյալ, և դրան իր համաձայնությունը տա նաև Լեռնային Ղարաբաղը, այդ ժամանակ հնարավոր կլինի բանակցություններ սկսել Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև՝ մշակելու խաղաղության համապարփակ պայմանագիրը», - ասել է Էդվարդ Նալբանդյանը։

Նախարար Նալբանդյանը, անդրադառնալով Արցախի դատարանի կողմից դատապարտված ադրբեջանցի դիվերսանտերին որպես «մոլորված անմեղ գառնուկներ» ներկայացնելու Բաքվի փորձերին, նշել է, որ դրանք սնանկ են։ «Վերջիններիս հանցագործությունները փաստագրված և ապացուցված են, ներառյալ՝ նրանց կողմից տասնյոթ տարեկան պատանու առևանգումը, խոշտանգումը և դաժան սպանությունը», - ընդգծել Հայաստանի արտգործնախարարը։

Մինսկի խմբի անդամներին փետրվարի 17-ին ընդունել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Համանախագահները ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների տպավորությունները, քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի այս փուլում առկա մտահոգություններն ու հետագա քայլերին վերաբերող հարցեր:

Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է հունվարի 27-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որը, նրա համոզմամբ, որոշակիորեն տարբերվում էր նախորդ հայտարարություններից, որում ի վերջո կոչ արվեց Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իր հանձնառություններին: