19 փետրվարի 2015 - 12:37 AMT
Բացահայտվում է Թուրքիայի մասնակցությունը Քեսաբի իրադարձություններին

Ականատեսների և ընդդիմության աղբյուրների հաղորդագրությունների վրա հիմնված և ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններն այն մասին, որ Թուրքիան իր մասնակցությունն է ունենում Սիրիայի քաղաքացիական պատերազմին, քննարկվել են դատական լսումների ժամանակ, գրում է Tert. am-ը asbarez.com-ի վրա հղումով:

Անցած տարի Նիղդեում Թուրքիայի անվտանգության ուժերի վրա հարձակված «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ դատավարության ընթացքում հայտնի է դարձել, որ Թուրքիան, բացի ընդդիմադիր ուժերին զենք-զինամթերք մատակարարելուց, նաև հրետանային աջակցություն է ցուցաբերել Քեսաբը գրաված ընդդիմադիր խմբերին:

Դատախազը ձեռք է բերել ապշեցուցիչ խոստովանություններ՝ լսելով գրոհայինների հեռախոսազրույցները: Հեռախոսազրույցների պատճենները ցույց են տալիս, որ Քեսաբում ընդդիմադիր ուժերը տեղեկացրել են Թուրքիայում գտնվող մարդկանց Քեսաբի մոտ սիրիական բանակի կոորդինատների մասին, ինչից հետո Թուրքիայի ուժերը ռմբակոծել են այդ տարածքները:

Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիք (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվեց ու ապաստանեց Լաթաքիայում: Քեսաբում մոտ 2,5-3 հազար հայ էր բնակվում, կա 11 հայաբնակ գյուղ, համայնքային ու կուսակցական հաստատություններ, դպրոցներ, հիվանդանոցներ: Հայկական եկեղեցու գմբեթի խաչի փոխարեն գրոհայինները սև դրոշ կանգնեցրին:

Հունիսի 16-ին Սիրիայի բանակի ու ԶՈւ գերագույն հրամանատարությունը հայտարարեց, որ մեծ թվով ավազակային կազմավորումների անդամների ոչնչացնելով ու նրանց տեխնիկան ու զենքը շարքից հանելով, բանակային ստորաբաժանումները վերականգնել են անվտանգությունն ու կայունությունը Քեսաբ քաղաքում: Հրամանատարության հայտարարության մեջ կարևորվում է այդ հաջողությունը կապված այդ բնակավայրի առանձնահատուկ աշխարհագրական դիրքի հետ, քանի որ ձախողվեց Թուրքիայի հետ սահմանին դեպի ծով ելքով պլացդարմի ստեղծումն ահաբեկիչների կողմից:

Մարտի 21-ին Սիրիայի զինված ընդդիմադիր խմբերը Թուրքիա են մտել հինգ տարբեր տեղերից և Սիրիա վերադարձել Յայլադաղով ու գրավել Քեսաբը:

Թուրքիայի կառավարությունը և զինվորականները հերքում են ընդդիմադիր ուժերին աջակցություն ցուցաբերելու բոլոր մեղադրանքները, սակայն ինչպես գրում է asbarez.com-ը, Նիղդեի գրոհայինների հեռախոսազրույցներից հավաքված տեղեկությունները հակասում են պաշտոնական հայտարարություններին:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Վստահաբար տեղյակ եք, որ մարտի 21-ին Թուրքիայի տարածքից զինված խմբավորումները ներխուժել են ու հարձակվել սիրիական հայաբնակ Քեսաբի վրա: Եվ Թուրքիան ակնհայտ ռազմական օժանդակություն է տրամադրել զինյալներին՝ հրթիռակոծելով այդ սիրիական տարածքները: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին կատարվող այս ոճիրը ցեղասպանության շարունակությունն է: Որպես ԵԽ ՆԿ նախագահ չե՞ք կարծում, որ մեր կառույցը՝ Եվրոպայի խորհուրդը, հրատապ պիտի անդրադառնա այդ խնդրին՝ լսումներ կազմակերպելով, և հստակ գնահատական տա տեղի ունեցած ոճրագործությանը»:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) հորդորեց Օբամայի վարչակազմին ուղիղ պատասխան պահանջել Թուրքիայից հայաբնակ Քեսաբի վրա մարտի 21-ի հարձակման վերաբերյալ:

Քեսաբի իրադարձություններից հետո համացանցում զետեղվեց Թուրքիայի պաշտոնյաների մասնակցությամբ գաղտնի խորհրդակցության ձայնագրությունը, որի ընթացքում քննարկվում են Թուրքիայի գաղտնի ծրագրերը Սիրիայի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, ԱԳՆ խորհրդական Ֆիրուդին Սինիրլիօղլուն, բանակի գեներալ Յաշար Գյուլերը:

Ձայնագրության մեջ ԱԳ նախարար Դավութօղլուն հայտնում է վարչապետ Էրդողանին, որ Սուլեյման շահի դամբարանը հնարավորություն է Սիրիա ռազմական ներխուժման համար: Հաքան Ֆիդանին պատկանող ձայնը պնդում է. «Եթե անհրաժեշտ է, ես չորս մարդ կուղարկեմ Սիրիա ու հրթիռներ կարձակեմ Թուրքիայի վրա՝ պատրվակ ստեղծելով պատերազմի համար: Մենք հարձակում կգործենք Սուլեյմանի դամբարանի վրա»:

Դավութօղլուն հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է պաշտպանել իր տարածքը Սիրիայում: «Մեր զինված ուժերը պատրաստ են զանկացած զարգացումների»,-ասել է նախարարը: Դամբարանն ու նրա մերձակայքը Սիրիայում համարվում են Թուրքիայի տարածքը, այն հսկում են թուրք զինվորականները:

2014-ի մարտի 26-ին Թուրքիայի ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց, որում հերքում է Քեսաբի ու շրջակա գյուղերի վրա հարձակման ժամանակ իր տարածքն օգտագործելու և իր կողմից զինյալներին օժանդակելու մասին պնդումները՝ դրանք որակելով անհիմն և սխալ:

Photo: Inch Ga Chiga