20 փետրվարի 2015 - 10:57 AMT
Deutsche Welle-ի թուրքական ծառայություն. Առաջիկա 10 տարում Թուրքիա-ՀՀ հարաբերություններում առաջընթաց չի լինի

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Թուրքիայի և Հայաստանի միջև 6 տարի առաջ ստորագրված արձանագրությունները Հայաստանի խորհրդարանից հետ կանչելը ևս մեկ անգամ հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման ջանքերը սառեցրին, գրում է Tert.am-ը Deutsche Welle-ի թուրքական ծառայության վրա հղումով:

Մասնագետները նշում են, որ հարևան երկրների միջև հարաբերությունների կարգավորումը մոտ ժամանակներս հնարավոր չէ: Դրա համար ամենամեծ խոչընդոտը Հայաստանի՝ ՌԴ-ի, իսկ Թուրքիայի՝ Ադրբեջանի հետ ունեցած սերտ հարաբերություններն են:

Անկարայի և Երևանի միջև հարաբերություններն այժմ ևս մեկ անգամ ամբողջությամբ կանգ են առել:Երկու երկրների միջև խնդիրների վերացման և հարաբերությունների կարգավորման նպատակով 2007թվականին Շվեյցարիայի միջնորդությամբ սկսված ժամանակահատվածը նոր հանգրվանի էր հասել 2009 թվականի հոկտեմբերին ստորագրված արձանագրություններով:

Հայոց ցեղասպանության շուրջ վեճերը շարունակվում են, իսկ Ցեղասպանության հարյուրամյակին երկու երկրների հարաբերություններն ավելի կոշտ են դարձել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ին Չանաքքալեի ճակատամարտի միջոցառումներին մասնակցելու համար հրավիրել էր Հայաստանի նախագահին, սակայն Սերժ Սարգսյանի պատասխանը բացասական էր եղել: Հայաստանի կողմից Արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու որոշումից հետո երկու երկրների միջև լուծման հույսը ևս մեկ անգամ դարակում հայտնվեց:

Deutsche Welle-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում Բահչեշեհիրի համալսարանի պրոֆեսոր Ջենգիզ Աքթարը նշել է, որ արձանագրություններն այլևս Հայաստանի և Թուրքիայի համար նշանակություն չունեն: «Արձանագրությունները վաղուց մեռած էին, այժմ նաև թաղվեցին»,- ասել է նա: Աքթարը նշել է, որ Հայաստանի վրա այժմ մեծ է Ռուսաստանի ազդեցությունը, որը, սակայն, հայ-թուրքական հարաբերությունների առումով որևէ քայլ չի ձեռնարկում:

Փորձագետի խոսքով՝ Էրդողանի ապրիլքսանչորսյան հրավերը Հայաստանը վիրավորական համարեց, իսկ Թուրքիայում նախընտրական շրջան է, և Հայաստանի հանդեպ ավելի մեղմ քայլեր չեն ակնկալվում:

«Մյուս կողմից էլ Ադրբեջանի կոշտ կեցվածքը կա, որը Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուն խոչընդոտող գործոն է: Առաջիկա տասը տարիներին, եթե արմատական փոփոխություններ չլինեն, Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում առաջընթաց չի գրանցվելու»,- կանխատեսում է նա:

Գալաթասարայի համալսարանի պրոֆեսոր Բերիլ Դեդեօղլուն նշում է, որ երկու կողմերն էլ հարաբերությունների զարգացման առումով առաջարկներ են ներկայացրել: «Հայաստանն իր տեսակետը միջազգային քաղաքականության մեջ դինամիկ պահել է ցանկանում, իսկ Թուրքիան իրեն պահում է այնպես, ասես ոչինչ չի եղել»,-ասել է նա: Փորձագետը նշում է, որ Հայաստանի հանդեպ Թուրքիայի կոնկրետ քայլեր չանելը պայմանավորված է Ադրբեջանի հետ ունեցած հարաբերություններով:

«Մյուս կողմից, առանց Ռուսաստանի մասնակցության որևէ մերձեցումից խոսելը սխալ է: Կողմերն անգամ որպես ժեստ փոքր քայլեր չեն անում, օրինակ՝ փոխադարձ ցավերը կիսելու կամ առևտրային ուղիները բացելուն ուղղված քայլեր: Սակայն երկու կողմերն էլ կրում են դրա քաղաքական հետևանքները: Սա երկու կողմերի համար էլ պարտված խաղ է»,- ասում է նա:

Դեդեօղլուի խոսքով՝ այդ պահին Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Հայկական հարցի վերաբերյալ շարունակելու է ճնշում գործադրել, իսկ Հայաստանը շարունակելու է մնալ Ռուսաստանի ազդեցության տակ:

Ստամբուլի մշակույթների համալսարանի պրոֆեսոր Մենսուր Աքգյունը նշում է, որ Թուրքիա-Հայաստան մերձեցումն արտաքին ուժերի կողմից անուշադրության է մատնված: ԱՄՆ-ն, Եվրամիությունը և Ռուսաստանը որևէ քայլ չեն անում: «Այս պահին բոլոր ուժերը տարբեր օրակարգեր ունեն: Հայ-թուրքական հարաբերությունների հարցը ոչ մի երկրի օրակարգում չկա»,-ասում է նա:

Աքգյունն ընդգծում է, որ կողմերի մերձեցումը միայն Ադրբեջանին է հետաքրքրում: «Ադրբեջանի զգացմունքայնությունից ավելի ֆինանսական և առևտրային հարաբերություններն են հետաքրքրում, որոնք ամեն անցնող օր ավելի են զարգանում: Իսկ Հայաստանի հետ հարաբերություններն առևտրի առումով Թուրքիայի համար նշանակալից չեն լինելու»,- ասել է նա:

Փետրվարի 16-ին նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Հանրապետության Նախագահի նամակում, մասնավորապես, ասված է.

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները: Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չունեինք, և միջազգային հանրության համար պարզ էր դառնալու, թե իրականում որ կողմի մեղքով այդպես էլ չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը և բաց թողնվեց հնարավորությունը:

Արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում: Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը:

Ժամանակի անսպառ չլինելու մասին խոսել եմ բազմիցս, այդ թվում՝ 2014 թվա-կանի սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից: Ցավում եմ, որ Հայաստանի այդ հորդորը լսելի չեղավ Թուրքիայի ղեկավարության համար: Ուստի, ես որոշում եմ կայացրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ»: