20 փետրվարի 2015 - 17:50 AMT
Ժիրինովսկի. ԵՏՄ-ից բոլորն են շահում Ռուսաստանից բացի

Հայաստանն ակտիվորեն շարունակում է ինտեգրվել Եվրասիական տնտեսական միությանը: Առաջիկայում ՌԴ Պետդումայի պատգամավորները կքննարկեն և կընդունեն այսպես կոչված բացառումների մասին «ՌԴ կառավարության և ՀՀ կառավարության միջև համաձայնագիրը վավերացնելու մասին», «ՌԴ միգրացիոն քաղաքականության մասին» օրենքները: Ոչ բոլոր օրենսդիրներն են հավանություն տալիս այն զիջումներին, որոնց գնում է Մոսկվան, ԵՏՄ և ՄՄ նոր անդամներ ներգրավելու համար: Պատասխան քայլերը ռուս գործիչներից շատերը համարում են չափազանց փոքր, գրում է «Նորությունների դաշնային ծառայությունը»:

Ինչպես գրում է պարբերականը, հազիվ թե նույնիսկ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները դեմ քվեարկեն Ռուսաստանի տարածքում հայերի կացության վերաբերյալ նոր օրենքին: Երևանում քննարկվում է նույնատիպ օրենք: Նման օրենքներ նախկինում ընդունվել են նաև Բելառուսի և Ղազախստանի ԵՏՄ-ին անդամակցության ժամանակ: Փաստաթղթով նախատեսվում է ՌԴ տարածքում հայերի կացության կանոնների փոփոխություն, ինչպես նաև Հայաստանում՝ ռուսաստանցիների: Խոսքը երկրորդ պետության տարածքում գրանցման պարտադիր պահանջի վերացումն է: Նման օրենքի անհրաժեշտություն առաջացավ, քանի որ 2015-ի հունվարի 1-ից Հայաստանը դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ:

«Օրենքով նոր ծախսեր չեն պահանջվում, հակառակը բյուջետային միջոցները կտնտեսվեն, օրենքը կնպաստի բարիդրացիության, վստահության ու բարեկամության ամրապնդմանը ռուս և հայ ժողովրդների միջև և հավասարեցնում է երկկողմ իրավական համակարգը ԵՏՄ շրջանակում»,-ասել է ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի գծով կոմիտեի փոխնախագահ Տատյանա Մոսկալկովան:

Ըստ 2010 թ. մարդահամարի, Ռուսաստանում բնակվում է ՀՀ մոտ 1,2 մլն քաղաքացի, այսինքն բնակչության 0,86 տոկոսը: Հիմնականում նրանք բնակվում են ՌԴ հարավային շրջաններում՝ Ռոստովի մարզում, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում: Հայաստանում բնակվում է 1,5 հազար ռուս, ինչը բնակչության ընդհանուր թվի 0,5 տոկոսն է:

Փորձագետներն ու քաղաքական գործիչները դժգոհում են Կրեմլի քաղաքականությունից մերձավոր արտերկրի հանդեպ: Նրանք կարծում են, որ հազիվ թե Ռուսաստանը երախտագիտության արժանանա բոլոր իր զիջումների համար գործընկերներից, որի վառ ապացույցն է ուկրաինական ճգնաժամը:

«Ռուսաստանը ԽՍՀՄ չէ, և պետք չէ նորից մանկապարտեզ խաղալ ու փորձել վերադարձնել միասնական արժույթն ու համատարած քաղաքացիությունը: Ինձ թվում է, Մաքսային միությունից և ԵՏՄ-ից շահում են Ղազախստանը, Բելառուսն ու Հայաստանը՝ մենք կրկնում ենք ԽՍՀՄ փորձը, ամեն ինչ արվում է Ռուսաստանի հաշվին: Այս պայմանագիրը միայն այն մասին է, որ հայերին հնարավորություն ենք տալիս Ռուսաստան ժամանել ու չգրանցվել: Արդեն չորրորդ երկրի համար ենք հանում գրանցման պահանջը: Լ՞ավ է դա թե վատ: Հավանաբար, վատ է հեռանկարում: Արդյո՞ք դա չի ավելացնի մեր երկիր ժամանող հանցագործների թիվը»,-հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:

Թեև Ժիրինովսկին չհորդորեց գործընկերներին բոյկոտել օրենքի նախագիծը: Նա միայն հույս հայտնեց, որ ի վերջո, ՌԴ իշխանությունները առավել հեռատես կլինեն օրենքներ ընդունելիս:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

Photo: Rbc