21 փետրվարի 2015 - 13:46 AMT
Moody’s-ը նվազեցրել է ՌԴ վարկանիշը՝ հասցնելով «աղբի» մակարդակի

Moody’s վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Ռուսաստանի ինքնիշխան վարկային վարկանիշը մինչև Ba1՝ բացասական կանխատեսմամբ:

Ինչպես ասվում է Moody’s-ի պաշտոնական հաղորդագրության մեջ, մինչև Ba1 վարկանիշն իջեցվել է Baa3-ից: Վարկանիշի նվազեցման պատճառը Ռուսաստանի տնտեսության վատ հեռանկարներն են՝ գործակալությունը «խորը ռեցեսիա» է կանխատեսում 2015-ին և անկման շարունակություն 2016-ին: Ենթադրվում է նաև ֆիսկալ կայունության և արժութային ռեզերվների հետագա թուլացում և, վերջապես, «անկանխատեսելի քաղաքական դինամիկա: Moody’s-ը նշում է կառավարության որոշումների դեռևս «շատ ցածր, սակայն աճող» ռիսկը, որոնք սպառնալիքի տակ են դնում արտաքին պարտքի մարումը:

Բացասական կանխատեսումը վարկանիշով Moody’s-ը բացատրում է նրանով, որ տնտեսական, քաղաքական ու ֆինանսական ռիսկերի բալանսը հօգուտ Ռուսաստանի չէ: Օրինակ, գործակալությունը հավանական է համարում առաջիկա ամիսներին ՌԴ դեմ նոր պատժամիջոցների կիրառումը, նվազ հավանական համարելով գործող պատժամիջոցների մեղմացումը: Անդրադառնալով գործակալության որոշմանը՝ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը նոր գնահատականը համարել է «չափից շատ բացասական» և քաղաքականացված, հայտնում է ՌԲԿ-ն:

Հունվարի 26-ին, վարկանիշային մեկ այլ գործակալություն՝ Standard & Poor’s (S&P)-ը, նվազեցրեց ՌԴ ինքնիշխան վարկանիշը կայուն արժույթով մինչև BB+, որն առաջին նիշն է «աղբի» (ոչ ներդրումային) կատեգորիայում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունն ավարտել է Standard & Poor’s-ի դեմ հետաքննությունն ու ուսումնասիրում է Moody's- ի գործունեությունը:

Ընկերություններին կասկածում են հիփոթեքային վարկերով գործարքների համար բարձր վարկանիշ նշանակելու մեջ, որի արդյունքում 2008-ի տնտեսական ճգնաժամի ընթացքում մարդիկ միլիարդավոր դոլարներ կորցրեցին: Իրավաբանները չեն բացառում, որ դա արվել է շուկայում ավելի մեծ մասնաբաժին ստանալու նպատակով: Արդարադատության նախարարության ներկայացուցիչները բազում հանդիպումներ են ունեցել Moody’s-ի նախկին աշխատակիցների հետ պարզելու համար, թե ինչ հիմնավորմամբ են կազմվել արժեթղթերի պորտֆելների վարկանիշերը ֆինանսական ճգնաժամից առաջ՝ 2004-2007 թթ, հայտնում է The Wall Street Journal-ը:

S&P, որն ամենամեծ վարկանիշային գործակալությունն է, և Moody’s-ը, որը երկրորդ դիրքում է, ААА վարկանիշն էին սահմանել անշարժ գույքի համար, որի արդյունքում նույնիսկ պահպանողական ներդրողները բարձր ռիսկայնության ակտիվներով ապահովված արժեթղթեր էին ձեռք բերում: Երբ փլուզվեց անշարժ գույքի շուկան, ամբողջ երկրով տարածված այդ արժեթղթերով կորուստները խորացրեցին ճգնաժամը և միլիարդավոր դոլարներ արժեցան ներդրողների համար, ասվում է պարբերականում:

«Moody’s և S&P-ն կիրառել են ոչ պատշաճ մոդելներ ու մեթոդաբանություն» բարձր ռիսկայնության վարկերի ռիսկերը գնահատելիս և «շուկայի նոր հատված գրավելու սուր ցանկություն են դրսևորել»,-կարծում է Ֆիլ Անգելիդեսը՝ Կալիֆորնիայի նախկին գանձապետը, որը գլխավորում է ֆինանսական ճգնաժամի հետաքննության հանձնաժողովը: Ի տարբերություն այնպիսի խոշոր բանկերի, ինչպիսիք են Morgan Stanley-ին, որոնք ֆինանսական ճգնաժամի հետ կապված վճարել են ավելի քան 100 մլրդ դոլար, վարկանիշային գործակալություններին տևական ժամանակ հաջողվում էր խուսափել հսկիչ մարմինների ուշադրությունից, գրել է The Wall Street Journal-ը: