25 փետրվարի 2015 - 15:55 AMT
ԿԽՄԿ նախագահը հրաժարվել է ադրբեջանցի դիվերսանտներին ազատ արձակելու կոչով հանդես գալ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) անում է ամեն բան, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլգամ Ասքերովի և Շահբազ Գուլիևի պահման պայմանները համապատասխանեն միջազգային չափանիշներին: Այս մասին Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուերը, հայտնում է Artsakhpress-ը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակվում է արդեն տևական ժամանակ: Անհայտ կորածների և գերիների մասին ես ոչ մի նոր բան ասել չեմ կարող: Սակայն այն, որ մենք այսօր չենք խոսում ղարաբաղյան հակամարտության ժամանակ անհայտ կորածների և գերիների մասին, դա չի նշանակում, որ ԿԽՄԿ-ն չի զբաղվում այդ հարցով»,- ասել է Մաուերը:

Ի պատասխան հնչած այն հարցին, թե հաշվի առնելով իր զբաղեցրած պաշտոնը, չի պատրաստվում արդյոք նա ուղերձ հղել հայկական կողմին ադրբեջանցի դիվերսանտներին ազատ արձակելու համար` ԿԽՄԿ նախագահը հրաժարվել է նման կոչով հանդես գալ:

2014-ի դեկտեմբերի 29-ին Ստեփանակերտի դատարանն ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին դատապարտեց համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման: Ադրբեջանական կողմը մշտապես փորձում էր նրանց փոխանակել մեկ գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի, մեկ քրեական գործից Ադրբեջան փախած Եղիշե Գևորգյանի և նրա ընտանիքի անդամների հետ, մեկ գերությունից մեկ օր անց մահացած խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանի մարմնի հետ, սակայն ամեն անգամ մերժում է ստացել: Հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն էր ձեռնարկել: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել էին։

Դիվերսանտների մոտ հայտնաբերված պարագաները վերջիններիս կողմից օգտագործվել են դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողությունների համար: Փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերով, պետական սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ հարուցվեց քրեական գործ:

Երևանում Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդն, անդրադառնալով Բաքվում իր հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղում գտնվող ադրբեջանցի դիվերսանտները պետք է հանձնվեն Ադրբեջանին, հայտարարել էր, որ «նրանց գործածը, անշուշտ, սոսկալի հանցագործություն է, բայց կոչ ենք անում պատկան մարմիներին կատարել մարդասիրական ժեստ»:

Պաշտոնական Ստեփանակերտն արձագանքել էր ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի կոչին՝ որպես «մարդասիրական քայլ» բաց թողնել Լեռնային Ղարաբաղում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին: ԼՂՀ ԱԳՆ ներկայացուցիչը նախ հիշեցրել է, որ որ իրենց իրավունքից օգտվելով, Ասկերովի ու Գուլիևի պաշտպանները բողոքարկել են ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում, որը փետրվարի 26-ից կսկսի հայցերի ուսումնասիրությունը: «ԼՂՀ-ում, ինչպես և ցանկացած այլ իրավական պետությունում, իշխանության ճյուղերի միջև առկա է հստակ տարանջատում: Դատական իշխանությունը ինքնուրույն է և գործում է օրենսդրականից ու գործադիրից անկախ: Դատարանի որոշումները պետք է հարգվեն և պահպանվեն բոլորի կողմից, ինչպես որ դա ընդունված է ամբողջ զարգացած աշխարհում»,- ասել է ԼՂՀ ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

Photo: Ibtimes_co_uk