26 փետրվարի 2015 - 10:11 AMT
Փոխարտգործնախարարի պատասխանը Թուրքիայի ԱԳՆ-ին. Կեղծ տեղեկություններ տարածելով՝ անկեղծությունից խոսելը տարօրինակ է

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը, թե Անկարան միշտ նախապայման է դրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար, մեջբերել է արտգործնախարար Նալբանդյանի՝ դեռ 2010-ին ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման առաջին տարեդարձի կապակցութամբ Wall Street Journal օրաթերթում հրապարակված հոդվածից մի հատված.

«Մեր դիրքորոշումը արտահայտված էր առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման հայտնի մոտեցմամբ: Այդ սկզբունքի վրա էր հիմնված Թուրքիայի հետ բանակցային գործընթացի մեկնարկը: Եվ հենց այս ընդհանուր փոխըմբռնմամբ մենք սկսեցինք, վարեցինք գործընթացը և եկանք պայմանավորվածությունների: Միջազգային հանրությունը` շվեյցարացի միջնորդները, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան և շատ այլ երկրներ, գործընթացի սկզբից մինչ օրս համամիտ են այս մոտեցման հետ»,- գրում է Tert.am-ը:

Քոչարյանը հավելել է, որ դրանից հետո էլ վերոհիշյալ երկրները և կազմակերպությունները տարբեր առիթներով բազմիցս վերահաստատել են այդ իրողությունը։

«Առնվազն՝ տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ արձանագրությունների շուրջ բանակցող թուրքական պատվիրակությունը տեղյակ չէր, ըստ Չավուշօղլուի, ամբողջ աշխարհին հայտնի թուրքական նախապայմաններին։ Նման կեղծ տեղեկություններ տարածելով՝ անկեղծության մասին խոսելը, մեղմ ասած, տարօրինակ է, բայց, միևնույն ժամանակ, բնորոշ թուրքական իշխանություններին»,- հավելել է փոխարտգործնախարարը:

Բաքվում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն փետրվարի 25-ին խոսել է հայ-թուրքական արձանագրություններից և նշել, թե «Հայաստանը չկարողացավ անցնել անկեղծության թեստը», այդ պատճառով էլ խորհրդարանից արձանագրությունների հետկանչը որևէ նշանակություն չունի::

«Ցյուրիխյան արձանագրությունների կյանքի կոչման համար Թուրքիան նախապայման է դնում. Հայաստանը պետք է ազատի Ադրբեջանի տարածքները»,- ասել է նա Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

«Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են, որ Հարավային Կովկասը խաղաղ ու անվտանգ վայր լինի, սակայն Հայաստանն այլ մտադրություններ ունի: Կովկասը խաղաղ և անվտանգ կդառնա, եթե Հայաստաանը շտկի իր սխալները»,- ասել է Չավուշօղլուն: