24 հուլիսի 2006 - 14:22 AMT
ComNews. «ԱրմենՏելի» բաժնետոմսերի ձեռք բերման մրցույթի արդյունքներն արդեն հայտնի են
«ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսի նոր սեփականատերերը կդառնան ռուսական «Սիստեմա» հոլդինգը եւ հնդկական VTEL Holdings ընկերության եւ Knightbridge Associates ընկերության ստեղծած միջազգային կոնսորցիումը, որի ետեւում կանգնած է հայտնի հայ գործարարներից մեկը, պնդում է ռուսական ComNews գործակալությունը հղում անելով մի աղբյուրի, որը մոտ է կանգնած բանակցություններին եւ մրցութային գործընթացին: Ռուսական ընկերությանը կանցնի «ԱրմենՏելի» ֆիքսված կապը, իսկ հայ-հնդկական կոնսորցիումին` բջջային: Այդպիսին կլինեն հունական OTE ընկերության հայտարարած մրցույթի արդյունքները, որը «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսի սեփականատերն է: «Մրցույթի արդյունքները, որը OTE-ն խոստացել էր հայտարարել հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին, բանակցությունների հիմնական մասնակիցներին արդեն հայտնի են: «Ցանկացած դեպքում հաղթող կդառնա «Սիստեման», որը հավանաբար ստիպված կլինի կիսել «ԱրմենՏելը» VTEL Holdings/Knightbridge Associates կոնսորցիումի հետ, որի ետեւում կանգնած է հայտնի հայ գործարարներից մեկը»,-հայտարարել է աղբյուրը: «Սիստեմաի» հասարակության հետ կապերի գծով տնօրեն Իրինա Պոտեխինան չհաստատեց, սակայն եւ չհերքեց այս տեղեկատվությունը: Նրա խոսքերով, մրցույթի արդյունքները բոլոր մասնակիցներին հայտնի կդառնան օգոստոսի սկզբին միայն:

Ինչպես գրում է ComNews-ը, «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսի վաճառքի մրցույթը անուղղակիորեն հրահրել է ռուսական Altimo-ն (կառավարում է «Ալֆա-գրուպի» հեռահաղորդակցային ակտիվները): Ի սկզբանե Altimo-ն դեռեւս 2006 թ. սեպտեմբերին առաջարկել էր հույներին 360 մլն դոլար բաժնետոմսերի 90 տոկոսի համար (այդ գումարից 80 մլն դոլարը գնալու էր հայ օպերատորի պարտքերի մարմանը): Սակայ հույները խորամանկեցին եւ, ստանալով Altimo-ի առաջարկը, դիտարկեցին այն որպես մեկնարկային գումար: «Altimo-ի ներկայացուցիչների սխալն այն էր, որ նրանք պայմանավորվել էին Հայաստանում ոչ բարձր մակարդակով` ստանալով կառավարության պաշտոնյաներից մեկի աջակցությունը, նրանք համարեցին, որ դա միանգամայն բավարար է»,-պարզաբանում է աղբյուրը: Հիշեցնենք, որ OTE-ն իրավասու չէ վաճառելու իր բաժնետոմսերն առանց հայկական կողմի (այսինքն Հայաստանի կառավարության, որին պատկանում է բաժնետոմսերի 10 տոկոսը) հետ նախնական համաձայնեցման: 2006թ. սկզբին, մրցույթը հայտարարելուց շատ ավելի վաղ, «ԱրմենՏելի» բաժնետոմսերի ձեռք բերման վերաբերյալ սկսել է պայմանավորվել «Սիստեմա» կոնսորցիումը: «Արդեն պայմանավորվածություն ունենալով հույների հետ, «Սիստեման» առաջ տարավ իր շահերն արդեն ամենաբարձր մակարդակով Հայաստանի կառավարությունում եւ նման աջակցություն ստացավ նաեւ Մոսկվայում»,-պատմում է աղբյուրը: Հավանաբար, հասկանալով դա, Altimo-ն չառաջարակեց այլ գումար եւ հեռացավ բանակցային գործընթացից:

Մրցույթին մասնակցելու ցանկացողների թիվը մեկ տասնայկից ավելի եղավ, նրանց թվում էին` գերմանական Deutche Telekom, նորվեգական Telenor եւ շվեդական TeliaSonera եւ Tele2, ինչպես նաեւ ռուսական CBOSS (նրանք բոլորը դուրս մնացին պայքարից դեռեւս առաջին շրջանում): «Գումարի հարցը բոլորովին էլ վճռորոշ չէ OTE-ի համար հաղթողին ընտրելիս` շատ ավելի կարեւոր են քաղաքական դրդապատճառները: Շատ հնարավոր է, որ այդ ընկերությունները նույնիսկ ավելի մեծ գումար են առաջարկել, քան «Սիստեման»,-ենթադրում է աղբյուրը, գրում է ComNews-ը: