Փետրվարի 26-ին կկայանա առաջին չվերթը Բաղդադ-Երևան-Էրբիլ (Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք) ուղղությամբ, որը կիրականացնի «Իրաքյան ավիաուղիներ» ավիաընկերությունը: Այս մասին հայտնել է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյանը։
Կանոնավոր չվերթը կիրականացվի շաբաթական երկու անգամ շաբաթվա չորրորդ և յոթերորդ օրերին CRJ900 և Boeing 737 ինքնաթիռներով:
Առաջին չվերթով Հայաստան կժամանեն Իրաքի կառավարության անդամներ և շուրջ 50 տուրիստական գործակալությունների ղեկավարներ, հայտնում է Tert.am-ը:
«Իրաքյան ավիաուղիներ» ընկերությունը պատկանում է Իրաքի կառավարությանը: Հայաստանի Հանրապետությունում ավիաընկերության ներկայացուցիչն է «Ավիա-Սերվիս» ընկերությունը:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 7-ին Մյունխենում հանդիպել է Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիին:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Քրդստանի ինքնավարության միջև կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին ողջունել է Էրբիլում գլխավոր հյուպատոսություն հիմնելու Հայաստանի որոշումը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի համագործակցության ընդլայնմանը։
Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական փոխգործակցության խորացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը։ Նախագահ Բարզանին և նախարար Նալբանդյանը համակարծիք էին, որ Էրբիլի և Երևանի միջև ուղիղ չվերթի մոտալուտ մեկնարկը նոր լիցք կհաղորդի գործարար կապերին։
Իրաքյան Քրդստանի առաջնորդը Հայաստանի արտգործնախարարին հանգամանալից ներկայացրեց ահաբեկիչների գործողությունների արդյունքում Իրաքի հյուսիսում ստեղծված իրավիճակը և ահաբեկչական խմբավորումների դեմ փեշմերգայի կողմից իրականացվող պայքարը։ Այս առումով նախարար Նալբանդյանը կարևորեց Իրաքի հյուսիսում ապրող ազգային և կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես՝ եզդիների անվտանգության ապահովումը, և վերահաստատեց Հայաստանի համերաշխությունը ծայրահեղականների դեմ միջազգային հավաքական ջանքերին։
Ավելի վաղ Բարզանին ստորագրել է լեզվի մասին օրինագիծը, որով քրդերենից և արաբերենից բացի հայերենը, թուրքմեներենը եւ ասորերենը դառնում են պաշտոնական լեզու: