24 հուլիսի 2006 - 14:41 AMT
Ղարաբաղյան հակամարտության կողմերը չեն կատարում ռազմական միջադեպերը հարթելու իրենց պարտավորությունները
Ըստ հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ համաձայնագրի ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերն անժամկետ պարտավորություններ են վերցրել շփման գծում առաջացող միջադեպերն արագ կարգավորելու, դրանց էսկալացիան եւ լարվածության աճ թույլ չտալու վերաբերյալ: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանից նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, կողմերը վաղուց չեն կատարում իրենց ստանձնած պարտավորությունները: «Մի պահ թույլ տանք, որ համաձայնագրի իրագործումը բացահայտեց նրա թերությունները, եւ այն ոչ այնքան արդյունավետ եղավ: Սակայն այդ դեպքում, եթե կա քաղաքական կամք եւ թանկ է շփման գծում տեղակայված զինծառայողների եւ խաղաղ բնակչության կյանքը, այս կամ այն կողմը կտեղեկացներ այդ մասին միջնորդներին, առաջարկներ կաներ, թե ինչպես լրամշակել, գուցե լրացնել համաձայնագիրը, դարձնելով այն առավել օգտակար: Սակայն գործը հանգեց դիտարկումների անցկացմանը, որոնք ընտրովի բնույթ են կրում, չեն կարող ապահովել ուղղակի շփումներ կողմերի միջեւ, ինչպես նաեւ` հսկողություն ԶՈՒ շփման գծում: Իսկ հազարավոր կյանքեր խլած միջադեպերը շարունակում են ավելացնել լարվածությունը եւ անվստահությունը կողմերի միջեւ»,-ընդգծել է Կազիմիրովը:

Ռուս դիվանագետը նշել է, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հրապարակայնորեն հայտարարեց, թե պատրաստ է վերադառնալ ստանձնած պարտավորությունների կատարմանը, եթե նույնն անի ադրբեջանական կողմը: Նույն տեսակետը հայտնեց Լեռնային Ղարաբաղը եւ կրկնեց դա Բաքվին եւ Երեւանին ուղղված իր կոչում 2006 թվականի մայիսին: «Հենց Բաքուն է, որ համառորեն լռում է այդ հարցում, ընդ որում սա առաջին տարին չէ: Այժմ կցանկանայի հավատալ, որ Ադրբեջանի նախագահի արտահայտություններն այս հարցի շուրջ կառուցողական քայլերի կդրդեն այս հարցում: Հավանաբար, նախկինում Բաքվի բացասական մոտեցումը թելադրված էր հակամարտող կողմերի զինվորականների միջեւ ուղիղ շփումներին չաջակցելու ցանկությամբ, առավել եւս, որ մասնակիցների թվում էր նաեւ Լեռնային Ղարաբաղը: Արժե պայքարել «սկզբունքների» համաձայնեցման եւ կողմերի միջեւ պայմանագրի նախապատրաստման համար, եթե նրանք նույնքան «ճշգրիտ» պետք է լինեն դրանց իրագործման դեպքում, նույնպիսի քաղաքական «կամք» պետք է դրսեւորեն: Չէ որ այսօր ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պնդում են, որ կողմերը քաղաքական կամք դրսեւորեն»,-նշում է ռուս դիվանագետը:

Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ առաջարկները Վլադիմիր Կազիմիրովն ուղղել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Հեյդար Ալիեւին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին 1995 թվականի փետրվարի 3-ին: Կողմերի համաձայնությունն այդ առաջարկի վերաբերյալ ստացվել է 1995 թվականի փետրվարի 4-ին բոլոր հակամարտող կողմերի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներից: