27 փետրվարի 2015 - 12:35 AMT
Թուրք նախարար. Անկարան մտադիր չէ 50 տարի սպասել Եվրամիությանն անդամակցելուն

Թուրքիայի նպատակն է Եվրամիության չափանիշներին հասնելը, սակայն Անկարան մտադիր չէ 50 տարուց ավելի սպասել Եվրամիությանն անդամակցելուն, հայտարարել է ԵՄ գծով Թուրքիայի նախարար Վոլկան Բոզկիրը:

«Մեր առաջին նպատակն էր հասնել տնտեսական զարգացման, մենք հասանք դրան: Մեր ընթացիկ նպատակն է՝ հասնել ԵՄ չափանիշներին»,-հայտարարել է Բոզկիրը Ֆինլանդիա այցի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ Anadolu գործակալության վրա հղումով:

Նա նաև շնորհակալություն է հայտնել Ֆինլանդիային Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանն աջակցելու համար:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ անդամակցումը ԵՄ-ին երկրի ռազմավարական նպատակն է: Ըստ նրա, Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին չի նշանակի, որ երկիրն անտարբեր կդառնա տարածաշրջանային իրադարձությունների հանդեպ, կամ միակողմանի արտաքին քաղաքականություն կվարի: Նախարարը նշել է, որ ցավոք, չնայած ջանքերին, չի հաջողվել ցանկալի արդյունքի հասնել բանակցություններում:

«Գործընթացի լճացման հիմնական մեղավորը ԵՄ-ն է: Բանակցվող կետերի քննարկման համար հարկավոր է, որ բուն ԵՄ-ում միասնական որոշում կայացվի: Սակայն ԵՄ-ն խոչընդոտում է 8 դրույթների շուրջ բանակցություններին, իսկ Կիպրոսի Հանրապետությունը՝ վեց կետերի քննարկումներին: Քաղաքական արգելքները, որոնց մենք բախվեցինք ԵՄ-ին Կիպրոսի անդամակցությունից հետո, ազդում են Թուրքիա-ԵՄ քննարկումներին»,-ասել է նա:

Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել դեռ 1987-ին, իսկ 1999 թ. ստացել է թեկնածու երկրի կարգավիճակ, բանակցությունները սկսվել են 2005-ին: Սակայն 35 անհրաժեշտ պայմաններից Թուրքիան մինչ օրս բավարարել է միայն 14-ին, ընդ որում ամենամեծ առարկություններն առաջացնում է տարածքային վեճը Կիպրոսի հետ ու ժողովրդավարացման խնդիրները երկրի ներսում: 17 գլուխ դեռ փակ է մնում:

2014-ի հոկտեմբերի 16-ին եվրահանձնաժողովը հրապարակեց նոր ամենամյա զեկույցը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի մասին՝ առաջարկելով վերսկսել բանակցություններն ու շտապեցնել Թուրքիային ժողովրդավարացման հարցում:

Photo: Nahnews.com.ua