27 փետրվարի 2015 - 14:43 AMT
ՌԴ-ում մոտ 50 մարդ պատասխանատվության կենթարկվի Պերմյակովին զորակոչելու համար

ՌԴ Զաբայկալիեում մտադիր են պատասխանատվության ենթարկել տարբեր ատյանների 52 աշխատակիցների, որոնց գործողությունների հետևանքով Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար մեղադրվող ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը զորակոչվել է բանակ:

Ինչպես ասաց ազգային քաղաքականության թեմայով կլոր սեղանին բանակի բարոյահոգեբանական բաժնի պետ Դմիտրի Կիսելյովը, «պատասխանատվություն կկրեն բոլոր նրանք, ովքեր Պերմյակովին պիտանի են համարել ծառայութան»: Ըստ նրա, Չիտայում արդեն երեք քրեական գործ է հարուցվել 321 ռազմական հոսպիտալի բժիշկների դեմ, որոնք ոչ մի շեղում չեն բացահայտել Պերմյակովի մոտ և ծառայության են ուղարկել նրան:

Բարոյահոգեբանական բաժնի պետը հավաստիացրել է, որ բոլոր մեղավորները կպատժվեն, հայտնում է Ռոսբալտը:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ (սպանություն) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն) հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրված է կալանքը: Միաժամանակ, որոշում է կայացվել Վալերի Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (այն է՝ երկու կամ ավելի անձանց սպանություն, ինչը պատժվում է 8-ից 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ) հարուցված քրգործով:

Իսկ հունվարի 19-ին Գյումրիի քաղաքապետարանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղերձ էր հղել, որում, մասնավորապես, նշվում էր՝ ակնկալվում է Կոստանյանի միջնորդությունը, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահներին, որոնք կապահովեն գործի քննության արդարացիությունը և թափանցիկությունը, իսկ դատավարությունը տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում:

Ձեռնարկվել են քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական այլ միջոցառումներ: Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել: Մեղադրյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:

ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունն այժմ քննարկվում է ՌԴ գործընկերների կողմից: Միջնորդության շուրջ ստեղծված թյուրըմբռնումներից խուսափելու համար հրապարակվեց դրա վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի կողմից ՌԴ գլխավոր դատախազություն ուղարկված հարցման պատասխանի լուսապատճենը: