2 մարտի 2015 - 13:03 AMT
Էրդողան. Եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ցանկանային, Ղարաբաղի խնդիրը շատ արագ կկարգավորվեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին նախապայմաններ է առաջ քաշում հայ-թուրքական սահմանի բացման համար: Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ այդ երկիրը «չի ազատել Ադրբեջանի գրավյալ տարածքները», հայտարարել է նա, հայտնում է «Թրենդը» «Star» թերթի վրա հղումով:

1993թ. Թուրքիան միակողմանի փակել է օդային եւ ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից հիմնական են ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձը ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով:

Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորմանը՝ Էրդողանն ասել է, որ եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ցանկանային, հակամարտությունը շատ արագ կկարգավորվեր:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ ղարաբաղյան կարգավորումը «Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնայնություններից է»: «Ուստի համաշխարհային հանրությունը, միջազգային կազմակերպությունները, ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն մասնավորապես, պետք է բազմապատկեն հակամարտությունների հանգուցալուծմանն ուղղված ջանքերը: Հատուկ ցանկանում եմ շեշտել, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական գերակայություններից է: Ուստի մենք միշտ ուշադիր հետևում ենք կարգավորման հետ կապված գործընթացներին ԵԱՀԿ ՄԽ շրջանակում»,- ասել է Չավուշօղլուն:

Ըստ նրա, Թուրքիան որպես Մինսկի խմբի անդամ, տարբեր հարթակներում և երրորդ երկրների հետ շփումներում մշտապես բարձրացնում է ղարաբաղյան հակամարտության հարցը, որը համարում է նաև իր խնդիրը: «Մենք առաջիկայում ևս կշարունակենք այդ հարցի վերաբերյալ միջազգային հանրության իրազեկումը և նպաստավոր գործունեությունն ի շահ եղբայրական Ադրբեջանի»,-ասել է Չավուշօղլուն: