Ուկրաինան կարծում է, որ արդեն այս ամիս հնարավոր կլինի պայմանավորվել գազի առաքումների «ամառային փաթեթի» շուրջ, սակայն «արագ գործարք» կնքելու անհրաժեշտություն չի տեսնում, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի և ածխարդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմչիշինը լրագրողներին Ռուսաստան-Ուկրաինա-ԵՄ գազի վերաբերյալ եռակողմ բանակցությունների ավարտին, գրում է «Ինտերֆաքսը»:
Ըստ Ուկրաինայի էներգետիկայի նախարարի, այս պահին ՌԴ հետ «արագ գործարք» կնքելու անհրաժեշտություն չկա, քանի որ հաշվի առնելով ռեվերսը, գազի քանակը բավարար կլինի ամռանը:
«Ինչո՞ւ ոչ: Բանակցությունների պրակտիկան շատ լայն է: Կարծում եմ, մեծ հույս կա, որ առաջիկա երեք շաբաթում կայանալիք հանդիպումներում պայմանավորվածություն ձեռք կբերվի: Իրականում ուկրաինական կողմը արագ գործարք կնքելու ծայրահեղ անհրաժեշտություն չունի՝ «Գազպրոմը» դա հիանալի հասկանում է: Մենք բավականին ուժեղ դիրքում ենք»,-ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե կհաջողվի արդյոք կողմերին հաջորդ ամսվա ընթացքում պայմանավորվել գազի առաքումների «ամառային փաթեթի» վերաբերյալ:
Նա նշել է, որ Ուկրաինան ստանում է ռեվերսի անհրաժեշտ ծավալը Եվրոպայից և երկրում գազի սպառման ծավալները նվազեցնելու քաղաքականություն է վարում:
«Եվրոպայից հոսքի ծավալը բավարար է, Ուկրաինայում սպառումը կտրուկ նվազում է, քանի որ պետությունը փոխում է գնային քաղաքականությունը, շատ ուշադրություն է դարձվում էներգաարդյունավետությանը, փոխվում է շուկայի կառուցվածքը: Զգալի փոփոխություններ են կատարվում, ուստի սպառումը վերջին երկու ամիսներին նվազել է մոտ 15-20 տոկոսով: Մենք ակնկալում ենք, որ այդ միտումը կշարունակվի: Ավելին, առաջիկայում ակնկալում ենք, որ գազի սպառման նվազեցման վերաբերյալ որոշում կկայացվի»,-ասել է Դեմչիշինը:
«Կարծում եմ, գազի սպառումը էլի կնվազի: Ուկրաինայում առկա՝ օրական 55 մլն, գումարած դրան լրացուցիչ ռեվերսը՝ 40 միլիոն, բավարար է, որ հավասարակշռենք սպառումը առնվազն ամառային շրջանում»,-ասել է նա:
Դեմչիշինը նշել է, որ Ուկրաինան չի հրաժարվում գազ գնել Ռուսաստանից: Սակայն հավելել է, որ ռուսական գազն ավելի թանկ է նստում:
«Գազպրոմը» կանխավճար է ստանում այն բանից հետո, երբ «Նավթոգազը» գնահատում է լրացուցիչ ծավալի անհրաժեշտությունը:
Եվրոպայից ստացվող գազի արժեքը շատ ավելի ցածր է, քան ռուսական գազինը: Համապատասխանաբար, մենք գնում ենք գազը մնացորդային սկզբունքով, քանի որ այն շատ ավելի թանկ է՝ գների տարբերությունը 15 տոկոսից ավելի է: Ուստի, Ուկրաինային շատ ավելի շահավետ է գնել այն Եվրոպայից»,-ասել է նա՝ հավելելով, որ այդ հարցը նույնպես արծարծվել է Բրյուսելում կայացած հանդիպումներում:
Դեմչիշինն ասել է նաև, որ այս հանդիպմանը ՌԴ-ն ու Ուկրաինան պայմանավորվել են մինչև ապրիլի 1-ը քննարկել «ամառային փաթեթի» համար զեղչերի հարցը Եվրահանձնաժողովի հովանու ներքո:
Փետրվարի 23-ին «Նավթոգազը» մեղադրեց «Գազպրոմին» գազի առաքման հայտը չբավարարելու և 2014-ի հոկտեմբերի 30-ին Բրյուսելում եռակողմ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ:
Ի պատասխան «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը զգուշացրել է Կիևին, որ արդեն երկու օրից կարող է ամբողջությամբ դադարեցվել գազի առաքումն Ուկրաինա ժամանակին մարտ ամսվա կանխավճարը չմուծելու պատճառով: «Ուկրաինան ժամանակին չի կատարել նախնական մուծումը»,-ասել է Միլլերը՝ պարզաբանելով, որ այժմ վճարված է միայն 219 մլն խմ գազի համար:
«Նաֆտոգազից» «Գազպրոմի» հաշվեհամարին գումարի փոխանցման համար երկու օր է պահանջվում: Ուստի գազի առաքումն Ուկրաինա 114 մլն խմ ծավալով արդեն երկու օրից կհանգեցնի գազի առաքման դադարեցմանը: Ըստ «Գազպրոմի» ղեկավարի, նման իրավիճակը լուրջ ռիսկեր է ստեղծում դեպի Եվրոպա գազի տարհանման համար: