4 մարտի 2015 - 15:25 AMT
ԿԲ. Մասնավոր դրամական փոխանցումները ՌԴ-ից հունվարին նվազել են 43,1 տոկոսով

2015 թվականի հունվարին երկրի բանկային համակարգի միջոցով ոչ առևտրային նպատակներով ֆիզիկական անձանց անունով Ռուսաստանից Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները, 2014 թ. հունվարի համեմատ, նվազել են 43.1 տոկոսով՝ կազմելով մոտ 1 37,2 մլն դոլար, հայտնում է ՀՀ ԿԲ-ն:

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետություն կատարված մասնավոր փոխանցումների համախառն ծավալում ռուսական փոխանցումների մասնաբաժինը կազմել է մոտ 68,4 տոկոս։

Հայաստանից Ռուսաստան դրաման միջոցների արտահոսքը հունվարին կազմել է 11,12 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 6,3 տոկոսով։

Այսպիսով, Ռուսաստանից Հայաստան կատարված մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 26 մլն դոլար` 2014 թ. հունվարի համեմատ նվազելով 52,6 տոկոսով:

ԿԲ տվյալներով Ռուսաստանից Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 2014 թ. նվազել են 10,7 տոկոսով` մինչև 1,4 մլրդ դոլար։ Միաժամանակ սա 2009 թ. հետո ՌԴ–ից Հայաստան կատարված մասնավոր փոխանցումների առաջին անկումն է։

Ռուսական փոխանցումների կրճատումը պայմանավորված է տարեսկզբից ի վեր ռուբլու` ավելի քան 50 տոկոս արժեզրկմամբ։ Հայաստանում ռուբլու փոխարժեքը հունվարին կազմել է 7,41 դրամ` 2014 թ. հունվարին գրանցված 12,04 դրամի համեմատ։

Կենտրոնական բանկի տվյալներով` 2015 թ. հունվարին երկիր կատարված դրամական փոխանցումների ծավալը կազմել է ավելի քան 54,2 մլն դոլար` 2014 թ. հունվարին նվազելով 34,8 տոկոսով։ Կարգավորիչի կանխատեսման համաձայն` ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները 2015 թ. կկրճատվեն 30 տոկոսով։

Հունվարի 20-ի դրությամբ դոլարի փոխարժեքը ռուբլու համեմատ Մոսկվայի բորսայում Մոսկվայի ժամանակով 10:10-ին նվազել է 14 կոպեկով նախորդ օրվա փակման մակարդակի համեմատ՝ հասնելով 64,88 ռուբլու: Եվրոյի փոխարժեքը ռուբլու հանդեպ նվազել է 25 կոպեկով՝ հասնելով 75,15 ռուբլու:

Ռուբլու փոխարժեքի անկումը բացասաբար է անդրադառնում նաև Հայաստանի տնտեսության վրա, առաջին հերթին Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալի վրա: Ռուսաստանից դրամական փոխանցումների նվազման միտումը գրանցվում է արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ։ Այսպես` Հայաստան կատարված ռուսական փոխանցումների ներհոսքը հունիսին նվազել է 4,6 տոկոսով, հուլիսին` 6,6 տոկոսով, իսկ օգոստոսին` 7,7 տոկոսով, սեպտեմբերին` 7 տոկոսով, հոկտեմբերին անկումը կազմել է 19 տոկոս։ 10 ամսում Հայաստան է փոխանցվել 1,484 մլրդ դոլար 2013-ի նույն ժամանակահտվածի 1,512 մլրդ դոլարի դիմաց՝ անկումը 1,9 տոկոս: Ռուսաստանից Հայաստան 2013-ի հունվար-հոկտեմբերին փոխանցվել է 1,298 մլրդ դոլար 1,240 մլրդ դոլարի դիմաց (անկումը կազմել է 4,5 տոկոս):

Որպես հետևանք, կտրուկ թուլացան նաև հայկական դրամի դիրքերը՝ նոյեմբերի 24-ին դոլարի փոխարժեքը բարձրացավ մինչև 435 դրամ: Հայկական արժույթի փոխարժեքը նվազեց միանգամից 16,6 կետով կամ գրեթե 4 տոկոսով: Մինչ օրս դրամի արժեզրկումը շարունակվում է: