6 մարտի 2015 - 12:41 AMT
Դիվերսիա Արցախում. Ոչնչացվել է հակառակորդի 3 զինվոր և հատուկ ստորաբաժանման 4 զինծառայող

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը և միաժամանակ հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավմամբ փորձում իրականացնել դիվերսիոն հետախուզական գործողություններ։ Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Մարտի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժը առաջնային գծի տարբեր հատվածներում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ 60 և 80 մմ ականանետերից, Իստիգլալ, ՀԱՆ-17, ԴՇԿ, ՌՊԿ և այլ զինատեսակներից արձակելով մոտ 4500 կրակոց:

Բացի նշված միջոցներից, հակառակորդը հյուսիսային (Շահումյանի) ուղղությամբ կիրառել է նաև «ԶԻԿ -23-2» զինատեսակ: Նշված կրակակետը վնասազերծելու նպատակով ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համապատասխան գործողության, որի արդյունքում շարքից հանվել է հակառակորդի առնվազն 3 զինվոր և «ԶԻԿ-23-2» զինատեսակը։

Նույն ժամանակահատվածում Արցախի ԶՈՒ մարտակերտյան ուղղության ստորաբաժանումները կանխարգելիչ գործողություններ են իրականացրել հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում։ Ըստ հաստատված տվյալների` ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է գործողության շրջան դուրս եկած ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման չորս զինծառայող: Այս գործողությունների ժամանակ հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շփման գծի ամբողջ երկարությամբ շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրը և հակառակորդին թելադրել իրենց կամքը:

Մինչ այդ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, տեղեկացնելով, թե մարտի լույս 6-ի գիշերը՝ «հայկական զինուժի դիվերսիոն-հետախուզական խմբի» հետ մարտի ժամանակ, աջ ձեռքից վիրավորվել է երկրի ԶՈւ զինծառայող, սերժանտ Զահիդով Դեյանեթ Մեհման օղլուն:

Հաղորդագրության մեջ նշված է, որ գիշերվա ընթացքում հայկական կողմը դիվերսիա է իրականացրել Աղդամ-Թերթեր հատվածում, որի ժամանակ էլ վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը:

Մարտի 5-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ սահմաններին իրավիճակը լարված է, բայց վերահսկելի. «Պարբերաբար կրակոցները, հրադադարի ռեժիմի խախտումներն ավելանում են: Հայկական Զինուժը թե Արցախում, թե Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության հարցում իրականացնում է իր առջև դրված խնդիրները: Լինում են սադրանքներ, որոնք արժանի հակահարվածներ են ստանում»: