7 մարտի 2015 - 13:46 AMT
Շաբաթն առաջնագծում. Հրադադարի մոտ 1000 խախտում, «ԶԿ-23-2»-ի կիրառում և ՊԲ կանխարգելիչ գործողություններ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինչպես նաև 60 և 82 մմ ականանետերից և ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 21000 կրակոց:

Բացի վերոնշյալ խախտումներից, հակառակորդը կիրառել է նաև «ԶԿ-23-2» զինատեսակ, ինչը վնասազերծելու նպատակով ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համապատասխան գործողության՝ շարքից հանելով հակառակորդի առնվազն 3 զինվոր և «ԶԿ -23-2» զինատեսակը:

Նույն ժամանակահատվածում ԼՂՀ զինված ուժերի մարտակերտյան ուղղության ստորաբաժանումները կանխարգելիչ գործողություններ են իրականացրել հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում, որի արդյունքում ոչնչացվել է գործողության շրջան դուրս եկած ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման չորս զինծառայող: Վերոնշյալ գործողությունների ժամանակ հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ամբողջ երկարությամբ վստահորեն իրականացնում են առաջադրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով կանխարգելիչ գործողությունների:

Մարտի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժը առաջնային գծի տարբեր հատվածներում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ 60 և 80 մմ ականանետերից, Իստիգլալ, ՀԱՆ-17, ԴՇԿ, ՌՊԿ և այլ զինատեսակներից արձակելով մոտ 4500 կրակոց:

Մարտի 2-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995-ին ծնված Արսեն Աբրեստի Կարապետյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

Փետրվարի 28-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր: Մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ Արտակ Աղեկյանը և Հայկ Բարոյանը:

2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը:

Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար: Այս մասին հունվարի 12-ին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։