7 մարտի 2015 - 14:29 AMT
Հայտնի են շփման գծում ոչնչացված ադրբեջանցի ևս 3 զինծառայողի անունները

Արցախի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում հակառակորդը շարունակաբար կրակել է հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ձեռնարկել դիվերսիոն-հետախուզական գործողությունների մի քանի փորձ:

Համաձայն Արցախի պաշտպանության նախարարության տեղեկատվության, միայն մարտի 6-ի գիշերը ոչնչացվել է առնվազն յոթ ադրբեջանցի զինծառայող։ Սակայն հակառակորդը շարունակում է համառորեն հերքել իր շարքերում առկա կորուստների մասին բոլոր տեղեկությունները` ձգտելով թաքցնել հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրողությունը Ադրբեջանի բնակչությունից:

Սակայն նման տեղեկությունները միշտ չէ, որ հնարավոր է լինում թաքցնել։ Times.am-ին, սեփական աղբյուրների օգնությամբ, հայտնի են դարձել անցած շաբաթվա ընթացքում ոչնչացված առնվազն երեք ադրբեջանցիների անուններ։ Խոսքը շարքայիններ Զամին Ամինովի, Ալեքպեր Աբասովի և լեյտենանտ Շալալ Հասանովի մասին է։

Մարտի 5-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ սահմաններին իրավիճակը լարված է, բայց վերահսկելի. «Պարբերաբար կրակոցները, հրադադարի ռեժիմի խախտումներն ավելանում են: Հայկական Զինուժը թե Արցախում, թե Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության հարցում իրականացնում է իր առջև դրված խնդիրները: Լինում են սադրանքներ, որոնք արժանի հակահարվածներ են ստանում»:

Times.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նախօրեին հարց էր բարձրացրել, թե ինչպես պետք է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նային զոհվածների ծնողների աչքերին։ Հիմա արդեն հայտնի է առնվազն երեք զինծառայողների անուններ, որոնց ծնողները սպասում են Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության բացատրություններին, գրում է Times.am-ը:

2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը:

Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար: Այս մասին հունվարի 12-ին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Մարտի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժը առաջնային գծի տարբեր հատվածներում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ 60 և 80 մմ ականանետերից, Իստիգլալ, ՀԱՆ-17, ԴՇԿ, ՌՊԿ և այլ զինատեսակներից արձակելով մոտ 4500 կրակոց:

Բացի նշված միջոցներից, հակառակորդը հյուսիսային (Շահումյանի) ուղղությամբ կիրառել է նաև «ԶԻԿ -23-2» զինատեսակ: Նշված կրակակետը վնասազերծելու նպատակով ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համապատասխան գործողության, որի արդյունքում շարքից հանվել է հակառակորդի առնվազն 3 զինվոր և «ԶԻԿ-23-2» զինատեսակը։ Նույն ժամանակահատվածում Արցախի ԶՈՒ մարտակերտյան ուղղության ստորաբաժանումները կանխարգելիչ գործողություններ են իրականացրել հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում։ Ըստ հաստատված տվյալների` ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է գործողության շրջան դուրս եկած ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման չորս զինծառայող: Այս գործողությունների ժամանակ հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Մարտի 2-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995-ին ծնված Արսեն Աբրեստի Կարապետյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

Փետրվարի 28-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր: Մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ Արտակ Աղեկյանը և Հայկ Բարոյանը: