7 մարտի 2015 - 15:18 AMT
ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով զեկուցողը կմեկնի Բաքու՝ զեկույց պատրաստելու

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի զեկուցող Ռոբերտ Ուոլթերը մարտի 12-13-ին փաստահավաք այցով կմեկնի Բաքու՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ զեկույցի պատրաստման համար, գրում է Panorama.am-ը՝ ԵԽԽՎ կայքին հղումով:

Այցի ժամանակ Ուոլթերը կհանդիպի Ադրբեջանի նախագահի, խորհրդարանի խոսնակի, արտաքին գործերի, արդարադատության և պաշտպանության նախարարների հետ։ Նախատեսված են նաև հանդիպումներ Փախստականների և բռնի տեղահանվածների պետական կոմիտեի նախագահի, խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ղեկավարների և ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատիրակության հետ։

Ուոլթերը կհանդիպի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության և միջազգային հանրությանն առնչվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը հայտարարել է, որ բոյկոտում է ԵԽԽՎ-ում ԼՂ զեկույցի պատրաստման գործընթացը, որը վերնագրվել է՝ «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ»։Այն պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ադրբեջանական 2 բանաձևերի նախագծերի համատեքստում: Նախագծերը ներկայացվել էին ԵԽԽՎ ամառային նստաշրջանում. մեկը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Էլհան Սուլեյմանովը, երկրորդը՝ ԵԽԽՎ-ում Հունաստանի պատգամավոր, Հունաստանի նախկին արտգործնախարար Թեոդորա Բակոյանիսը։

Հոկտեմբերի 1-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեն, որը քննարկեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի պատրաստման հարցը, խնդրով զեկուցող նշանակեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերին, ով ԵԽԽՎ-ում հայտնի է որպես Ալիևի պաշտպան: 2013-ին տեղի ունեցած ադրբեջանական նախագահական ընտրություններում ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարն էր հենց Ուոլթերը։ ԵԽԽՎ «դիտորդները» խանի վերընտրությունը գնահատեցին «ազատ, անկախ և թափանցիկ», ի տարբերություն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, որն այն որակել էր, մեղմ ասած, ոչ ժողովրդավարական։