Մարտի 13-ին Աստանայում կայանալու է Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը: Ինչպես ասվում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում, նախագահները կքննարկեն փոխադարձ առևտրի ու տնտեսական գործակցությանն առնչվող հարցեր: Նախագահները կքննարկեն նաև միտումները համաշխարհային տնտեսության մեջ, ինչպես նաև իրավիճակն Ուկրաինայում: Ընդ որում Հայաստանին հանդիպմանը չեն հրավիրել:
Միջազգայնագետ-վերլուծաբան Անդրեյ Ֆյոդորովը կարծում է, որ Լուկաշենկոն, Նազարբաևն ու Պուտինն առաջին հերթին փորձում են ելք գտնել վատ տնտեսական իրավիճակից, որում հայտնվել են իրենց ղեկավարած երկրները: Որոշ չափով անդրադարձ կլինի նաև քաղաքականությանը, սակայն ուշադրության կենտրոնում լինելու է տնտեսությունը: Ըստ փորձագետի, զարմանալի չէ, որ հանդիպմանը հրավիրված չեն Ղրղզստանի և Հայաստանի նախագահները: Նա հիշեցրել է, որ Ղրղզստանը դեռ պաշտոնապես չի անդամակցում ԵՏՄ-ին:
«Հայաստանը, թեև միացել է, սակայն տնտեսական առումով նրա դերը ԵՏՄ-ում աննշան է: Իմաստ չունի հրավիրել հանդիպմանը Սերժ Սարգսյանին, եթե նա ոչ մի բանի վրա ազդել չի կարող: Դա միայն կբարդացնի գործընթացը»,-կարծում է Անդրեյ Ֆյոդորովը, հայտնում է Udf.by-ը:
Քաղաքագետ Ալեքսանդր Կլասկովսկին հիշեցնում է, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին Լուկաշենկոն ու Նազարբաևը մրցում էին խաղաղարարների դափնիների համար և գրեթե զուգահեռ այցեր կատարեցին Կիև, որտեղ հանդիպեցին Պորոշենկոյի հետ: Ղազախստանի նախագահը նույնիսկ հայտարարեց, որ «նորմանդական քառյակի» հանդիպումը հունվարի կեսին հենց Աստանայում կանցնի, սակայն մի շարք պատճառներով դա չստացվեց: «Լուկաշենկոյին հասան դափնիները: Թեև դա պայմանական է, քանի որ մինչ ուկրաինական թնջուկի հանգուցալուծումը դեռ շատ կա»,-ասել է նա:
Սակայն, ըստ քաղաքագետի, այժմ Լուկաշենկոյի և Նազարբաևի համար առաջին պլան է դուրս գալիս ԵՏՄ արդյունավետության հարցը: «Մոսկվայից մեծ բոնուսներ ստանալու Աստանայի և Մինսկի հույսերն օդում առկախված մնացին: Հակառակը, փոխադարձ առևտրի ծավալները մաքսային եռյակի շրջանակում նվազում են արդեն երրորդ տարին անընդմեջ»,-ասել է փորձագետը:
Ավելին, ըստ նրա, Բելառուսի իշխանությունները ապրանքների սերտիֆիկացման հարցում ԵՏՄ նորմերը պահպանելու ձգտման պատճառով դիմակայության մեջ հայտնվեց հայրենական արտադրողի հետ:
«Պաշտոնական Մինսկը առաջ անցավ, սկսեց պահանջել հավաստագրեր, ինչպես պահանջում են ԵՏՄ նորմերը, այն դեպքում, երբ Ղազախստանն ու Ռուսաստանը դրան մատների արանքով են նայում: Իսկ Բելառուսի ղեկավարությունն իր կարգապահության ու կատարողականության պատճառով ավելորդ գլխացավանք ստացավ»,-նշում է քաղաքագետը: Նա ենթադրում է, որ ետնաբեմում Նազարբաևն ու Լուկաշենկոն Պուտինից նոր բոնուսներ են պահանջելու եվրասիական ինտեգրմանը մասնակցելու համար: Մասնավորապես, ըստ փորձագետի, նավթի մաքսատուրքերից ստացվող շահույթը Բելառուսի բյուջեի համար կարող է չնչին լինել նավթի գների անկման և վերամշակման մարժայի պատճառով: Քաղաքագետը նաև հիշեցնում է, որ ԵՏՄ մասնակիցներին չի հաջողվել վերացնել խոչընդոտները փոխադարձ առևտրում: Ըստ նրա, դա ոչ միայն Մոսկվայի մեղքն է:
«Աստանան ու Մինսկը նույնպես չեն շտապում բացել իրենց ներքին շուկաները ռուսական ապրանքների համար: Ավտորիտար ռեժիմների հովանավորչական հակումները դեռ երկար կմթագնեն գործընկերությունը ԵՏՄ շրջանակում»,-կանխատեսում է վերլուծաբանը:
Ալեքսանդր Կլասկովսկին նշում է, որ Ռուսաստանի ռեսուրսները նվազում են, ուստի եվրասիական ինտեգրման գրավչությունն էլ նվազում է:
Սակայն, ըստ քաղաքագետի, ՌԴ նախագահն ամեն կերպ կաշխատի աջակցել այս նախագծին: «Պուտինը նահանջելու տեղ չունի: Նա չի կարող հեռանալ, չզրկվելով հեղինակությունից: Մոսկվայում ինչ-որ բան կգտնեն ընտրություններից առաջ Լուկաշենկոյին սատարելու համար: Ինչ-ինչ քաղցրաբլիթներ կխոստանան նաև Նազարբաևին»,-գտնում է վերլուծաբանը:
Նա չի բացառում, որ Նազարբաևն ու Լուկաշենկոն, որոնք լրջորեն վախենում են «կանաչ մարդուկներից», հավաստիացումներ կստանան Պուտինից՝ թե մի վախեցեք նման սցենարներից:
«Թեև Կրեմլի այդ հայտարարությունները կարող են ոչ մի արժեք էլ չունենալ: Սակայն հանրության լայն շրջանակների համար հռետորական հայտարարություններ կարվեն, որ եվրասիական ինտեգրման կուրսն անփոփոխ է»,-կարծում է քաղաքագետը:
Ըստ նրա, ԵՏՄ ապագան կախված է նրանից, թե որքան ամուր կլինի Ռուսաստանը: Եթե Մոսկվային հաջողվի կարգավորել հակամարտությունն Արևմուտքի հետ, ինտեգրումը, հավանաբար, կշարունակվի: Հաղթելու դեպքում, Պուտինն, ըստ փորձագետի, կընդլայնի Ուկրաինայի էքսպանսիան:
«Չի բացառվում, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում Մոսկվան առավել ագրեսիվ ու հարձակողական կլինի նաև եվրասիական ինտեգրման շրջանակում՝ օգտագործելով ոչ միայն տնտեսական միջոցներ, այլ նաև պարտադրանք ու սպառնալիքներ: Եթե Մոսկվան պարտվի այդ ռազմավարական դիմակայությունում, ապա հեռանկարում ի չիք կդառնա նաև ԵՏՄ նախագիծը»,-կանխատեսում է Կլասկովսկին:
Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:
Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:
ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:
Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը: