10 մարտի 2015 - 13:50 AMT
Շտկվում է Հարևանության քաղաքականությունը. Հաշվի կառնվի երրորդ երկրների արձագանքը ԵՄ հետ մերձեցմանը

2003-ին մշակված Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) նոր տարբերակով նախատեսվում է, որ պետք է հաշվի առնել ծրագրին չմասնակցող երկրների արձագանքը Եվրամիության հետ մերձեցմանը իրենց հետ սահմանակից երկրների դեպքում:

Եվրոպական հարևանության քաղաքականության մասնակից է 18 երկիր. Ալժիրից ու Թունիսից սկսած մինչև Արևելյան գործընկերության անդամ երկրներ՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա:

2011-ի «արաբական գարնան» իրադարձություններից հետո Բրյուսելը ստիպված եղավ մասնակիորեն փոխել հարևանության քաղաքականությունը: Այժմ Եվրոպական հարևանության քաղաքականության մեջ Բրյուսելին ստիպեց շտկումներ մտցնել «Ռուսաստանի ագրեսիվ արձագանքը եվրոպական ուղին բռնելու Ուկրաինայի ցանկությանը», գրում է Deutsche Welle-ն:

ԵՀՔ նորացված հայեցակարգի «ճանապարհային քարտեզի» քննարկման համար Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով մարտի 9-ին ժամանել էր ԵՄ հարևանության քաղաքականության ու ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Նա նշեց, որ Եվրամիությունը «միշտ չէ, որ կարողացավ պատասխանել իր հարևանների եվրոպական մտադրություններում վերջին տարիներին տեղի ունեցած փոփոխություններին»:

Ըստ Հանի, Բրյուսելը պետք է նոր մոտեցումներ որդեգրի այն երկրների հանդպ, որոնք մասնակցում են ծրագրին: «Մենք պետք է հաշվի առնենք այդ երկրների քաղաքական ու տնտեսական տարբերությունները, ինչպես նաև այն, թե որքանով կցանկանար մասնակից երկրներից յուրաքանչյուրը զարգացնել իր հարաբերությունները ԵՄ հետ»: Անհրաժեշտ է «իմանալ, թե ինչպես է պետք ճիշտ աշխատել մեր հարևանների հետ», չէ որ ծրագիրը »լուրջ է ընկալվում Մոսկվայում», հավելել է եվրահանձնակատարը:

ԵՄ հարևանության նոր քաղաքականությունն այդքան «գոռոզամիտ» չպետք է լինի: «Դա պետք է հավասարների գործընկերություն լինի, մեր քաղաքականությունը չպետք է խրատական լինի,-ասել է նա:-Եվրահանձնաժողովը պետք է հաշվի առնի մեր հարևան երկրների միջև առկա զգալի տարբերությունները»: Միևույն ժամանակ Բրյուսելի ճկունությունը չի նշանակում, թե զիջումներ կարվեն սկզբունքային եվրոպական արժեքների մասով՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու օրենքի գերակայության, ասել է Հանը:

Քննարկումների ժամանակ պարզվենց, որ նորացված Եվրոպական հարևանության քաղաքականության տեքստը, որ Եվրախորհրդարան էր փոխանցվել մի քանի շաբաթ առաջ, շատերը չեն կարդացել: Սակայն, դա չխանգարեց ելույթ ունեցողներին իրենց կարծիքը հայտնել, որը հիմնականում համընկնում էր Հանի կարծիքի հետ:

Փոփոխությունները չեն նշանակում, թե ծրագիրը «ձախողվել է», հայտարարեց Լիտվան ներկայացնող ազատական պատգամավոր Պյատրաս Աուշտրյավիչուսը. «Այն ուղղակի որոշ շտկման կարիք ունի»: Իսկ բրիտանացի պահպանողական Չարլզ Տեննոկը համաձայնվել է, որ «10 տարի առաջ ԵՄ-ն չէր կարող կանխատեսել Ռուսաստանի ագրեսիան, որը տնտեսական շանտաժի միջոցով կասեցրեց Հայաստանի մերձեցումը ԵՄ հետ և փորձեց նույնն անել Ուկրաինայի դեպքում, սակայն արդեն ռազմական միջամտությամբ»:

Եվրախորհրդարանից ԵՀՔ հարցով զեկուցող սլովակ պատգամավոր Էդուարդ Կուկան նկատեց, որ ԵՄ-ն թերագնահատեց ծրագրի քաղաքական բաղադրիչը: «Ուստի նորացված հայեցակագրում քաղաքական մասը պետք է հզորացնել»,-վստահ է նա:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

2015-ի հունվարի 2-ից Հայաստանը դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ: