10 մարտի 2015 - 16:05 AMT
Բերձորի դեպքով 10 ոստիկան ազատվել է աշխատանքից

ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի՝ մարտի 9-ին ստորագրված հրամանով` հունվարի 31-ին ԼՂՀ-ում «100-ամյակն առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթի ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված որոշ ոստիկաններ կարգապահական կոպիտ խախտումների համար ենթարկվել են կարգապահական տույժերի, հայտնում են ԼՂՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները հունվարի 31-ին Երևանից «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսով ավտոերթ էին նախաձեռնել դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, սակայն Քաշաթաղի շրջանում բռնության էին ենթարկվել, մեքենաներն էլ վնասվել էին:

Կարգապահական կոպիտ խախտում կատարելու համար ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Գուրգենի Ղահրամանյանին հայտարարվել է նկատողություն:

Խիստ նկատողություն է հայտարարվել ԼՂՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Նորայր Բորիսի Միրզոյանին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պարեկապահակետային ծառայության վաշտի հրամանատար, ոստիկանության մայոր Արթուր Բենյամինի Հայրապետյանին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պարեկապահակետային ծառայության վաշտի թիվ 1 դասակի հրամանատար, ոստիկանության մայոր Սամվել Իսպանդարի Գրիգորյանին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության ավագ լեյտենանտ Բորիս Աշոտի Ջալավյանին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության քրեական հետախուզության բաժնի օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Էրիկ Հենրիկի Պետրոսյանին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության քրեական հետախուզության բաժնի օպերլիազոր, ոստիկանության լեյտենանտ Ալեքսանդր Սերգեյի Հովհաննիսյանին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պարեկապահակետային ծառայության վաշտի թիվ 3 դասակի հրամանատար, ոստիկանության լեյտենանտ Ֆելիքս Յաշայի Չոփչյանին։

Ոստիկանության պետի նույն հրամանի համաձայն` կարգապահական կոպիտ խախտում կատարելու համար ԼՂՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Վաչագանի Պետրոսյանը, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պարեկապահակետային ծառայության վաշտի թիվ 2 դասակի հրամանատար, ոստիկանության ավագ լեյտենանտ Նիկոլայ Միքայելի Սարգսյանը, ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի վարորդ, ոստիկանության ավագ Հրանտ Արարատի Միրզոյանը, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պարեկապահակետային ծառայության վաշտի թիվ 2 դասակի ոստիկան, ոստիկանության ավագ սերժանտ Վիլեն Վիգենի Սարգսյանը, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պարեկապահակետային ծառայության վաշտի թիվ 1 դասակի ոստիկան, ոստիկանության ավագ սերժանտ Արման Յուրիի Օհանյանը, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մասի վարորդ, ոստիկանության սերժանտ Վարդան Մխիթարի Պետրոսյանը, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պարեկապահակետային ծառայության վաշտի թիվ 2 դասակի ոստիկան, ոստիկանության կրտսեր սերժանտ Ռուբեն Սերգեյի Սարգսյանը, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պարեկապահակետային ծառայության վաշտի թիվ 2 դասակի ոստիկան, ոստիկանության կրտսեր սերժանտ Գևորգ Բորիսի Մանգասարյանը, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պարեկապահակետային ծառայության վաշտի թիվ 3 դասակի ոստիկան, ոստիկանության կրտսեր սերժանտ Նարեկ Կարմենի Փարամազյանը, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պարեկապահակետային ծառայության վաշտի թիվ 3 դասակի ոստիկան, ոստիկանության կրտսեր սերժանտ Հայկ Վլադիմիրի Պետրոսյանը ազատվել են ոստիկանությունից:

Ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Միքայելի Ասրյանին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության մայոր Սամվել Սուրենի Ասրյանին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության քրեական հետախուզության բաժնի ավագ օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Զորի Մելսիկի Մովսիսյանին հայտարարվել է խիստ նկատողություն:

Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության մայոր Արման Ալեքսանդրի Սարգսյանին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պարեկապահակետային ծառայության վաշտի թիվ 3 դասակի ոստիկան, ոստիկանության ավագ սերժանտ Դավիթ Ռոբերտի Խանանյանին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պարեկապահակետային ծառայության վաշտի թիվ 3 դասակի ոստիկան, ոստիկանության սերժանտ Նարեկ Մերուժանի Եդիգարյանին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պարեկապահակետային ծառայության վաշտի թիվ 1 դասակի ոստիկան, ոստիկանության կրտսեր սերժանտ Անդրանիկ Միքայելի Աբրահամյանին հայտարարվել է նկատողություն։

Դեկտեմբերի 31-ի երեկոյան ԼՂՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել` նշելով, որ Հիմնադիր խորհրդարանի անդամների կողմից կազմակերպվել է ավտոերթ դեպի Արցախ, որը բացասական արձագանք է ստացել Արցախի հանրության լայն շրջանակներում և նրա մի ստվար զանգված որոշել է կանխել ավտոերթի մասնակիցների մուտքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն.

«Հաշվի առնելով նշված հանգամանքները և հասարակական կարգի հնարավոր խախտումները՝ ԼՂՀ ոստիկանությունը վերակարգեր է սահմանել Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու որոշ հատվածներում։ Հանդիպելով ավտոերթի մասնակիցներին` ոստիկանության ներկայացուցիչները բացատրական աշխատանքներ են իրականացրել նրանց հետ՝ հորդորելով հետ կանգնել այդ նախաձեռնությունից, քանի որ այն հասարակական լարվածություն է առաջացրել Արցախում։ Սակայն, ավտոերթի մի խումբ մասնակիցներ, ի հակադարձումն հորդորների, դիմել են հակաօրինական գործողությունների և շարունակել սադրանքները նաև ոստիկանության նախազգուշացումներից հետո։

Հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով ԼՂՀ ոստիկանությունն ստեղծված իրավիճակում ստիպված է եղել դիմել համապատասխան գործողություների` օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Ցավոք, կան տուժածներ, որոնց կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում»: