10 մարտի 2015 - 17:18 AMT
Իրաքի հայոց թեմի առաջնորդի նամակն արքայազն Չարլզին. Անգլիան խոստացել էր պատժել Ցեղասպանության հանցագործներին

Իրաքի հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը բաց նամակ է հղել Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզին, որը որդու՝ Հարիի հետ ապրիլի 24-ին այցելելու է Չանաքքալե: Այդ լուրի տարածվելուց հետո Իրաքի հայոց թեմի առաջնորդը հայտարարություն է տարածել, հայտնում է Tert.am-ը:

Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը նամակում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցում Բրիտանիայի պատասխանատվությանը: Նա նշել է, որ Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Չանաքքալեում կազմակերպվող միջոցառումն իրականում հուշերը ոչնչացնելուն ուղղված քայլ է:

«Չանաքքալեի հաղթանակի միջոցառումն Ապրիլի 24-ին նշելը խորհրդանշում է դաժանության ու ժխտման հաղթանակը»,- գրել է արքեպիսկոոսը՝ նշելով, որ Անգլիան 1915-ին տեղի ունեցածը մարդկության դեմ հանցագործություն է համարում, և Ուինսթոն Չերչիլը 1915-ը որպես Ցեղասպանություն է ճանաչել:

«Մեծ Բրիտանիան Ցեղասպանության հանցագործներին պատժելու հարցում խոսք էր տվել, իսկ այժմ՝ 21-րդ դարում, ոճրագործները պարգևատրվում են»,- ասել է նա:

Արքեպիսկոպոսն արքայազն Չարլզին հիշեցրել է Հիտլերի հայտնի խոսքը՝ «Հայերի ցեղասպանությունն ո՞վ է հիշում»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ապրիլի 24-ին Թուրքիայում Դարդանելի (Գալիպոլի, Դարդանելի) ռազմական գործողությունների 100-ամյակին նվիրված պետականորեն կազմակերպված տոնակատարություններին մասնակցելու համար Թուրքիա կմեկնեն Անգլիայի թագաժառագ արքայանզ Չարլզը որդու՝ Հարիի հետ: Ավելի վաղ հայտարարվել էր նաև, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթը ևս մասնակցելու է Լոնդոնում կայանալիք միջոցառումներին:

Մինչդեռ Թուրքիայում գործող 5 հասարակական կազմակերպություն համաշխարհային առաջնորդներին կոչ են արել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը չընդունել Էրդողանի հրավերը, այլ փոխարենը մեկնել Երևան:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետականորեն կազմակերպելիք միջոցառումներին, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, հրավիրել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նշվում է, որ Անկարան պատրաստվում է 2015-ի ապրիլի 23-24-ին հյուրընկալել 102 երկրի նախագահի կամ վարչապետի, որոնց ուղարկվել են մասնակցության հրավերներ: Նույն օրը ՀՀ նախագահը պատասխանել էր հրավերին մերժումով:

Սերժ Սարգսյանի պատասխան նամակումմ մասնավորապես, ասված է. «Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին: «Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը»:

Հետգրությամբ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ դեռևս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել է Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»: