11 մարտի 2015 - 12:34 AMT
Թուրքիան մտադիր չէ փոխել քաղաքականությունը Հարավային Կովկասում

Խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցության (ԱԶԿ) քաղաքականությունը Հարավային Կովկասի երկրների մասով անփոփոխ կմնա: Այդ մասին ասվում է ԱԶԿ նախընտրական հայտարարության մեջ, հայտնում է «Թրենդ» գործակալությունը Haber7 հեռուստաալիքի վրա հղումով: Հայտարարության մեջ ասվում է, որ Հարավային Կովկասը առանձնահատուկ նշանակություն ունի Թուրքիայի համար: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Թուրքիայի իշխող կուսակցությունն ակտիվ պայքար է մղելու իսլամատյացության դեմ:

Խորհրդարանական ընտրություններին, որոնք կայանալու են ընթացիկ տարվա հունիսի 7-ին, մասնակցելու է 31 քաղաքական կուսակցություն:

Թուրքիան կողմ է հանդես գալիս հակամարտությունների կարգավորմանը Հարավային Կովկասում, այդ թվում ղարաբաղյան հակամարտության, այսպես կոչված «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» շրջանակում:

Հայ-թուրքական կարգավորման գործընթացի վերաբերյալ Թուրքիայի արտաքին գործերի նախարարՉավուշօղլուն փետրվարին ասել է. «Կովկասում իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է որոշ պայմանների բավարարում: Դրանցից գլխավորը կապված է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացման հետ: Մինչև այսօր Հայաստանը ոչ մի քայլ չի կատարել: Այդ իսկ պատճառով քանի դեռ չեն իրականացվել հայտնի պայմանները, արձանագրությունների կիրառման մասին խոսք լինել չի կարող»:

Չավուշօղլուն տեղեկացրել է, որ մարտին ԱՄՆ կատարելիք այցի շրջանակում հանդիպում է նախատեսված պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Վաշինգտոնում իշխանական շրջանակների հետ շփումներ կունենան նաև ԱՄՆ-ի հետ բարեկամության խորհրդարանական խմբի թուրք պատգամավորները: Նախարարը նաև նշել է, որ Գյուլենի արտահանձման համար անհրաժեշտ են մի շարք փաստաթղթեր, որոնցով այժմ զբաղվում է Թուրքիայի արդարատադության նախարարությունը:

2015-ի փետրվարի 16-ին նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին,: Հանրապետության Նախագահի նամակում, մասնավորապես, ասված է.

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները: Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չունեինք, և միջազգային հանրության համար պարզ էր դառնալու, թե իրականում որ կողմի մեղքով այդպես էլ չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը և բաց թողնվեց հնարավորությունը:

Արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում: Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը:

Ժամանակի անսպառ չլինելու մասին խոսել եմ բազմիցս, այդ թվում՝ 2014 թվա-կանի սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից: Ցավում եմ, որ Հայաստանի այդ հորդորը լսելի չեղավ Թուրքիայի ղեկավարության համար: Ուստի, ես որոշում եմ կայացրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ»:

Ավելի ուշ Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Թանջու Բիլգիչը հայտարարեց, թե Անկարան նախկինի պես հավատարիմ է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման մասին արձանագրություններին, որոնք Հայաստանն ու Թուրքիան ստորագրել են 2009 թ. հոկտեմբերին:

Նա հայտարարել է, թե Երևանը որոշել է հետ կանչել Հայաստան-Թուրքիա արձանագրությունները, Թուրքիային «մեղադրելու առիթ ունենալու համար» Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին: Նա արձանագրությունները հետ կանչելու մասին Հայաստանի նախագահի որոշումը որակել է որպես «սխալ ու անհաջող», իսկ Երևանի դիրքորոշումը՝ «անհետևողական ու ոչ անկեղծ»: «Թուրքիան համամիտ չէ հայկական կողմի դիրքորոշման հետ և կշարունակի հարաբերությունների կարգավորմանը միտված կուրսը»,-հավելել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղարը: