13 մարտի 2015 - 12:20 AMT
Չավուշօղլու. Հարավային Կովկասում բոլոր խնդիրների կենտրոնում Հայաստանն է

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ այլ երկրների կառավարությունների ու խորհրդարանների վրա ազդելու համար: Չավուշօղլուն դարձյալ մեղադրել է Հայաստանին՝ «Թուրքիայի պարզած բարեկամության ձեռքը չընդունելու համար»:

«Մենք բարեկամություն հաստատելու համար ձեռք ենք մեկնում, սակայն տգեղ ձևով մերժում են այն: Հարավային Կովկասում բոլոր խնդիրների կենտրոնում Հայաստանն է: Բոլոր հարևանների հետ խնդիրներ ունեցող երկիրը պետք է կանգ առնի և հետ նայի»,-ասել է Չավուշօղլուն, հայտնում է Tert.am-ը թուրքական A Haber կայքի վրա հղումով:

Նա նշել է, որ Թուրքիայի հայերը, այլ համայնքների ներկայացուցիչների նման, եկեղեցիներ են հետ ստացել, սակայն Հայաստանը «շարունակում է պոպուլիստական մոտեցում ցուցաբերել»:

Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Հայաստանի ջանքերին ի պատասխան՝ Թուրքիան մշակութային, քաղաքական ու դիվանագիտական հարթակներում նախազգուշական քայլեր է ձեռնարկում:

«Ապրիլի 24-ին Չանաքքալեի մարտերին նվիրված միջոցառումների ընթացքում ողջ աշխարհին բարեկամության ու խաղաղության մեսիջ ենք հղելու»,- ասել է Չավուշօղլուն:

Անդրադառնալով Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ամենամյա ուղերձի հրապարակմանը՝ Չավուշօղլուն նշել է, որ հավանաբար Օբաման նախկինի նման արտահայտություններ է օգտագործելու և որ դրանից դուրս ասված խոսքերը թուրք-ամերիկյան հարաբերություններին լուրջ վնաս կարող են հասցնել:

Հոնւվարին Չավուշօղլուն Թուրքմենստան կատարծ այցի ժամանակ հայտարարել էր, թե Հայաստանն ու հայկական լոբբին 2015թ. երրորդ երկրներում ավելացրել են իրենց ջանքերը և լավ չեն ընդունում Թուրքիայի՝ մինչ այժմ արած առաջարկները։ Նա ասել է նաև, որ Հայաստանը փորձում է քաղաքական ճանապարհներով արդյունքի հասնել: Նախարարը դարձյալ հիշեցրել է Թուրքիայի առաջարկը՝ համատեղ հանձնաժողով ստեղծելու և գիտնականներին այդ հարցն ուսումնասիրելու հնարավորություն տալու վերաբերյալ: «Մենք ասացինք, որ կընդունենք արդյունքը՝ ինչ էլ որ լինի: Անցյալ տարի մեր նախագահը մի հայտարարություն արեց: Բարի նպատակներով մեր արած քայլերը ողջ աշխարհը տեսավ: Մենք այս հարցին մարդկային տեսանկյունից ենք նայում, և նման ողբերգության քաղաքականացմանը դեմ ենք»,-ասել է Չավուշօղլուն, նշելով, որ իրենք էլ ստիպված են լինում «կանխարգելիչ քայլեր» անել:

Ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան թույլ չի տա Հայաստանին 1915-ի իրադարձությունները քարոզել որպես ցեղասպանություն:

Նախագահ Սերժ Սարգսյանը` ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նամակի, որտեղ Թուրքիայի նախագահը Հայաստանի Հանրապետության նախագահին հրավիրել է ապրիլի 24-ին ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին, պատասխան նամակ է հղել, որում, մասնավորապես, ասված է.

«Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին:

«Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:

Հետգրությամբ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ դեռևս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել է Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»: