13 մարտի 2015 - 17:01 AMT
Գերմանաբնակ թուրք քաղաքական գործիչը Գերմանիայից պահանջում է ճանաչել Ցեղասպանությունը

Գերմանիայում «Կանաչների կուսակցության» համանախագահ ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը Գերմանիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը, գրում է թուրքական «Hurriyet»-ը:

Օզդեմիրն ասել է, որ 100-րդ տարելիցին արդեն հասունացել է ցեղասպանություն եզրույթը այլևս չթաքցնելու պահը: Նա ափոսոսանք է հայտնել, որ Գերմանիայի կառավարությունը պատշաճ կերպով չի քննադատում 1915-1916թթ. իրագործված արյունալի հանցագործությանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայտնի գերմանացի պատմաբան Միքայել Հեսմանը հայտարարել է Վատիկանի գաղտնի արխիվներում մինչ օրս չհրապարակված 2000 էջանոց փաստաթղթերի հայտնաբերման մասին, որոնք անվանել է «պատմության մեջ քրիստոնյաների ամենամեծ հետապնդումը»:

Անդրադառնալով փաստաթղթերի հայտնաբերմանը պատմությանը՝ Հեսմանն ասել է. «Ինձ հետաքրքրեց Հայոց ցեղասպանության թեման, երբ կարդացի Քյոլնի արքեպիսկոպոս Կարդինալ ֆոն Հարտմանի` 1913-ին գրված նամակը` ուղղված Գերմանիայի Ռեյխի կանցլերին, որում խնդրում էր օգնել՝ կանխելու Հայոց նոր ցեղասպանությունը Թուրքիայի հյուսիս-արևելքից ռուսական զորքերի դուրսբերումից հետո:

Այնուհետև նոր և նոր փաստաթղթեր հայտնաբերեցի, ավելի քան 2000 էջ, որոնց մեծամասնությունը ոչ հրապարակվել է, ոչ էլ ուսումնասիրվել որևէ պատմաբանի կողմից: Մինչ այդ ուսումնասիրելով Ցեղասպանության թեման` ծանոթ էի Գերմանիայի արտաքին գործերի նախարարության արխիվներում պահվող փաստաթղթերին, որոնք պատրաստվել էին օսմանյան պաշտոնյաների ու դիվանագետների կողմից, իսկ այս փաստաթղթերը նոր ուսումնասիրության թեմա են: Խոսելով հնարավոր զարգացումների մասին գերմանացի պատմաբանը հատուկ նշեց, որ Թուրքիայի կառավարությունը նույն կրքով փորձում է համաշխարհային գրականության մեջ բոլոր միջոցներով ջնջել Հայոց ցեղասպանության հետքը` կանխելով հայոց կոտորածների` որպես ցեղասպանություն ճանաչումը:

«Բայց տեղի է ունեցել ցեղասպանություն` ըստ ՄԱԿ-ի սահմանման, ինչպես նաև քրիստոնյաների ամենամեծ հալածանքը պատմության մեջ, որին զոհ գնաց միլիոն ու կես հայ և մոտ մեկ միլիոն քրիստոնյա սիրիացիներ և հույներ»,-ասել է գերմանացի պատմաբանը:

Photo: Lawinrussia.ru