13 մարտի 2015 - 17:43 AMT
Բորդյուժա. ՀԱՊԿ-ը պիտի ընդլայնի Իրանի հետ գործակցությունը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կարծում է, որ կազմակերպությունը պետք է ընդլայնի գործակցությունն Իրանի հետ: «Մենք գործակցում ենք Իրանի հետ թմրանույթերի ապօրինի շրջանառության կասեցման գործողություններում»,-ասել է Բորդյուժան Դուշանբեում՝ Տաջիկստան իր այցի արդյունքների ամփոփիչ ճեպազրույցում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, Իրանի հատուկ ծառայությունները շատ արդյունավետ են աշխատում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում, նրանց արդյունքները գերազանցում են այդ ուղղությամբ ԱՊՀ երկրներում կատարող աշխատանքները, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Նա գտնում է, որ Իրանի հետ գործակցությունը բավականին մեծ ներուժ ունի:

«Մենք կարող են արդյունավետ աշխատել Աֆղանստանում իրավիճակի կայունացման ուղղությամբ, օպերատիվ տեղեկատվություն փոխանակել տարածաշրջանում ծայրահեղականների գործունեության վերաբերյալ, և այլ ոլորտներում, քանի որ Իրանը շատ արդյունավետ դերակատար է տարածաշրջանում անվտանգության տեսակետից»,-ասել է Բորդյուժան:

Օրերս Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց ՀԱՊԿ երկրներում «Իսլամական պետության» օղակների ակտիվացման մասին: Պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտնեց, որ Մոսկվան «չափազանց մտահոգված է ՀԱՊԿ հարավային սահմաններին ստեղծված իրավիճակով»: Նա հավելեց, որ ԻՊ առաջին միավորումներն են հայտնվել, մասնավորապես, Տաջիկստանում:

Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագրի համաձայն` մասնակից պետությունները համատեղ ջանքերով դիմակայում են, իսկ անհրաժեշտության դեպքում նաև` վերացնում են, իրենց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն ուղղված ռազմական սպառնալիքը: ՀԱՊԿ անդամ պետություններն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, ՌԴ-ն: