13 մարտի 2015 - 18:04 AMT
Ապրիլի 24-ին Ստամբուլում հավաքվելու կոչ. Ցեղասպանությունը Թուրքիայում կհիշատակեն երիտասարդները

Եվրոպայի՝ ընդդեմ ռասիզմի կազմակերպությունը, Մարդու իրավունքների գրասենյակը, «ԴուրԴե» շարժումն ու Հայ բարեգործական ընդհանուր միությունն ապրիլի 24-ին Ստամբուլում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչելու համար բոլոր ցանկացողներին Թուրքիա են հրավիրում, «Ակօս»-ին հղումով գրում է Tert.am-ը:

#Remember24April1915 («Հիշիր 1915-ի ապրիլի 24-ը») հաշթագով սկսված ստորագրահավաքի տեքստում նշվում է, որ այդ ոգեկոչմանը կողմ եվրոպացիները, հայերը, թուրքերն ու քրդերը բոլորին հրավիրում են Ստամբուլ՝ ապրիլի 24-ին հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

«Ցեղասպանության ոգեկոչումը ոչ միայն թուրքերի ու հայերի, այլև ողջ աշխարհի հարցն է: Մեր օրերում Ցեղասպանության ժխտման դեմ պայքարողներից մեկն էլ Թուրքիայի հասարակության խիղճն է: Այս արշավն ուղղված է պայքարին, արդարությանն ու ժողովրդավարությանը», - նշված է 8 լեզվով հրապարակված ստորագրահավաքի տեքստում:

Ընդգծվում է, որ արշավն արդարության որոնումն է, և, որ Ցեղասպանությունը Թուրքիայում հիշատակելը կարևոր է հատկապես երիտասարդների համար. «Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում հիշատակելը բոլորիս, բայց հատկապես երիտասարդ սերունդների համար համատեղ ժողովրդավարական արժեքների շուրջ համախմբվելը, պատմական իրողություններին առերեսվելն ու միասին ավելի լավ ապագա կառուցելը հնարավոր կդարձնի: Այդ արժեքներն ու տեսակետը կիսող յուրաքանչյուրին հրավիրում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյակը ապրիլի 24-ին Ստամբուլում հիշատակելու»:

Սա Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Ստամբուլում զոհերի ոգեկոչման միակ միջոցառումը չէ: Armenian Project 2015 նախագիծը 750 ԱՄՆ դոլարի չափով սահմանափակ թվով դրամաշնորհներ է տրամադրելու այն ուսանողներին, ովքեր ցանկանում են մասնակցել 2015թ.-ի ապրիլին Ստամբուլում կայանալիք, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: ԱՄՆ-ում հիմնված կազմակերպության նպատակն է առավելագույնի հասցնել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ստամբուլյան միջոցառումներին մասնակցող հայերի թիվը:

Ստամբուլի Դեպո մշակույթի և արվեստի կենտրոնը կազմակերպում է մի քանի ցուցադրություն Օսմանյան կայսրության տարբեր քաղաքներում սպանված կամ օջախները սպիտողաբար լքած ընտանիքների մասին: Առաջին՝ «Հայկական ընտանեկան պատմություններ և կորուսյալ բնապատկերներ» ցուցդրությունը բաղկացած է Հելեն Շիհանի կողմից իրականացված ուսումնասիրությունից և լուսանկարներից. պատմում է երեք ընտանիքի մասին, որոնք ներկայումս ապրում են հայկական սփյուռքում: «Մենք փորձում ենք ցույց տալ մարդկանց պատմությունները և վստահ ենք, որ սա ավելի արդյունավետ է, քան թվեր կամ փաստեր ցույց տվող փաստաթղթերը: Սա շատ կարևոր տարի է, քանի որ լրանում է ցեղասպանության 100-ամյակը: Ուստի մենք կցուցադրենք ոչ միայն սփյուռքում ստեղծագործող հայերի աշխատանքները, այլև թուրք արվեստագետներինը»,- ասել է Դեպո կենտրոնի ծրագրերի ղեկավար Ասենա Գյունալը: