13 մարտի 2015 - 18:39 AMT
ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծ է մշակվում

ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծ է մշակվում, տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ ավելացնելով՝ «ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի կարգադրության պահանջների կատարման նպատակով:

Այդ հիմնարար ակտերի կիրառությունն ապահովելու, ինչպես նաև քրեական արդարադատության ոլորտում օրենսդրական բարեփոխումներն ամբողջացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծ:

Մարտի 11-ին արդարադատության նախարարի հրամանով ստեղծվել են ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծը մշակող հանձնաժողով և աշխատանքային խումբ: Հանձնաժողովը գործելու է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի նախագահությամբ:

Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խումբը կղեկավարի ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը:

ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակման նպատակն է ապահովել ՀՀ քրեակատարողական օրենսդրության բարեփոխման առնչությամբ միջազգային կազմակերպությունների իրավական չափանիշների ամբողջական իրացումը, ինչպես նաև ՀՀ քրեակատարողական համակարգի բարեփոխման իրավական հիմքերի ամրապնդումը: Խոսքը նախևառաջ վերաբերում է քրեակատարողական ոլորտում մարդու իրավունքների ապահովման գործուն երաշխիքների սահմանմանը, ինչպես նաև դրանով պայմանավորված՝ պետության քաղաքականության ուղղությունների իրավական հստակեցմանը:

Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակումը նախատեսվում է իրականացնել Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) աջակցությամբ, ինչպես նաև մյուս գործընկերների հետ համագործակցությամբ: