31 հուլիսի 2006 - 14:40 AMT
Մինսկի խումբը համոզված է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծի ԼՂ ժողովուրդը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան բավարարված է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմամբ, որն իր համար օգտակար էր: «Ես տեսնում եմ, որ ղարաբաղյան խնդիրը լուծելու քաղաքական կամքն առկա է, իսկ մեր առաջարկների հիմքում ընկած փիլիսոփայությունն` ընդունելի»,- ասել է Մեթյու Բրայզան «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Խոսելով առաջարկների մանրամասների մասին, նա ասաց, որ դեռ հարցեր կան կապված Քելբաջարի եւ Լաչինի, ինչպես նաեւ հանրաքվեի հետ: Բրայզան հաստատեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համոզմամբ Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է որոշի Ղարաբաղի ժողովուրդը: «Բայց հարց այն է, թե ու՞մ համարենք Ղարաբաղի ժողովուրդ: Կան նաեւ 1988 թվականին այնտեղ բնակվողներ, որոնք նույնպես ցանկանում են մասնակցել հանրաքվեին: Բոլոր այս հարցերը դեռ պետք է մշակվեն որպես համաձայնության ծավալուն փաթեթի մաս»,-նշել է Մ.Բրայզան: Նրա խոսքերով, «սկզբունքներն, որոնք այսօր սեղանին են, դեռեւս համաձայնություն չեն», - նշեց ամերիկացի դիվանագետը: Նրա խոսքերով, դրանք միայն սկզբունքներ, առաջարկություններ են: Այնպես որ, հնարավոր չէ խուսափել համաձայնությունից, եթե այդպիսին չկա: