31 հուլիսի 2006 - 16:23 AMT
Նավթը Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի համար արդեն չի բավականացնում
Բաքու-Թբիլիսի- Ջեյհան նավթամուղի գործարկումը ակնհայտորեն ցույց տվեց, որ նավթի տեղափոխման առկա ենթակառուցվածքներն Ադրբեջանում էապես գերազանցում են նրա արդյունահանման ծավալները: Այդ մասին գրում է «Զերկալո» թերթը: Ըստ այդ հրապարակման, ստեղծված իրավիճակը միանգամայն բացատրելի է, քանի որ օտարերկրյա ընկերությունները մի շարք լուրջ անհաջողություններ կրեցին Կասպիի ափին գտնվող բազմաթիվ ադրբեջանական հանքավայրերում: «Գործնականում «մեծ նավթը» ստացվում է միայն ԱՉԳ հանքավայրից, այն դեպքում երբ մյուս հանքավայրերում նավթի արդյունահանման ծավալները չեն աճում: «Բրիթիշ պետրոլեումի» վերջին տվյալներով` «Համաշխարհային էներգետիկայի վիճակագրական տեսություն` 2006 թվականի հունիս», Ադրբեջանում նավթի հաստատագրված պաշարները կազմում են 7 մլրդ բարել եւ այն կբավականացնի 42,4 տարի»,-գրում է թերթը: Ըստ նույն հոդվածի, Ղազախստանում նավթի հաստատագրված պաշարները կազմում են 39,6 մլրդ բարել, եւ համապատասխանաբար, դրանց շահագործումը կարող է տեւել եւս 80 տարի: