18 մարտի 2015 - 12:28 AMT
Սիրիայի Ժողովրդական ժողովը կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել Հայոց ցեղասպանությունը

Սիրիայի Ժողովրդական ժողովը նախօրեին հատուկ նիստ է նվիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նիստը բացել է Ժողովրդական ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամը:

Իր խոսքում նա նշել է. «Եկող օրերը համընկնում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որը օսմանցիների կողմից իրականացվեց բարեկամ հայ ժողովրդի նկատմամբ: Այս կապակցությամբ մենք մեր բացարձակ համերաշխությունն ենք հայտնում բարեկամ հայ ժողովրդին, ինչպես նաև սիրիահայ մեր հայրենակիցներին, որոնք 100 տարի առաջ Օսմանյան իշխանությունների կողմից ենթարկվեցին զարհուրելի ցեղասպանության: Այսօր վերհիշում ենք պատմության արձանագրած ամենասարսափելի և ցավալի մի հիշատակ: Մենք միջազգային հանրությանը և աշխարհի բոլոր ժողովուրդներին կոչ ենք անում կանգնել կողք-կողքի՝ մարդասպանների, դահիճների և ահաբեկչության դեմ հանդիման, որոնք սպառնում են Միջին Արևելքին, որպեսզի կանխենք մարդկության, քաղաքակրթության և պատմության նկատմամբ այլ ոճրագործություններ», հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Այնուհետև Ջիհադ ալ-Լահամը Ժողովրդական ժողովի պատգամավորներին հրավիրել է հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության ավելի քան մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Նիստի ընթացքում ելույթ են ունեցել տարբեր խմբակցությունների ավելի քան 20 պատգամավորներ և մշտական հանձնախմբերի նախագահներ, որոնք խստորեն դատապարտել են Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրագործված այդ ծանր հանցագործությունը` միաժամանակ դիմելով միջազգային հանրությանը` դատապարտել 20-րդ դարում մարդկության դեմ իրագործված առաջին ցեղասպանությունը: