18 մարտի 2015 - 17:44 AMT
Ազնավուրը մտադիր է Ցեղասպանության զոհերի հիշատակի համերգ տալ Վատիկանում

Հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրը մտադիր է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգով հանդես գալ Վատիկանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին КАI գործակալության վրա հղումով: Ըստ գործակալության տեղեկությունների, Ազնավուրը մարտի 18-ին ներկա է գտնվելու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ընդունելությանը, որտեղ մտադիր է խոսել նրա հետ համերգի մասին:

Հռոմի պապին մոտ աղբյուրները հայտնել են, որ Ֆրանցիսկոս Առաջինը լավատեղյակ է Ազնավուրի ստեղծագործությունների և լսում է աշխարհի ամենահայտնի հայերից մեկի երգերը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ապրիլի 12-ին Հռոմի պապը Հռոմի Սբ Պետրոս եկեղեցում պատարագ կմատուցի ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:

Ֆրանցիկոսը 2006 թ. երբ դեռևս արքեպիսկոպոս էր Բուենոս Այրեսում, կոչ արեց Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ հայտարարությամբ նա հանդես եկավ իր հայրենիք Արգենտինայում՝ Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ, որակելով այն որպես «ծանրագույն ոճրագործություն մարդկության և հայ ժողովրդի դեմ, որն իրականացրել է Օսմանյան կայսրությունը», կոչ անելով Անկարային ճանաչել այն:

Շառլ Ազնավուրը նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Մանուկ հասակում նա տարվել է թատրոնով, իսկ 1940-ականներին Պիեռ Ռոշի հետ հանդես եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին՝ Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։

Մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964-ին, 1996-ին ու 2006-ին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի հրապարակը:

Հոկտեմբերի 3-ին Ազնավուրը համերգով հանդես եկավ Մոսկվայում: 90-ամյա երգիչը հայտարարում է, որ մտադիր է երգել մինչև 100-ամյակը՝ նշելով, որ ապրում է ակտիվ և առողջ կյանքով: