19 մարտի 2015 - 16:11 AMT
Հակառակորդը հարձակվել է հայկական դիրքերի վրա. 3 զոհ ու 4 վիրավոր ունենք (թարմացված)

Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Մոտ 2 ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր դիրքերի մատույցներում:

Համաձայն ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից հաստատված տեղեկությունների, արդեն հայտնի են ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամ երկու սպանվածների և մեկ վիրավորի տվյալները: Սպանվածներից մեկի ազգանունը Հյուսեյնով է, մյուսի անունը Ջեյհուն, իսկ վիրավորներից մեկի անունը Էլշադ:

Հավելենք նաև, որ հակառակորդը մարտադաշտում է թողել տարբեր տեսակի զենք ու զինամթերք, այդ թվում АК տիպի ինքնաձիգ` իսրայելական արտադրության գիշերային տեսանելիության նշանոցով և խլացուցիչով, սակրավորի հատուկ հանդերձանք, 4 հատ «Муха» տիպի նռնականետ, հարձակողական նռնակներ, փամփուշտի պահունակներ, մեծ քանակության օգտագործված ներարկիչներ, որոնք ամենայն հավանականությամբ կիրառվել են վիրավորներին ցավազրկելու նպատակով:

Հակառակորդին դիմագրավելու ժամանակ զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են: Վիրավորները հոսպիտալացվել են: Նրանց ցուցաբերվել է համապատասխան բժշկական միջամտություն: Երկու զինծառայողի վիճակը կայուն ծանր է, իսկ մյուսների կյանքին վտանգ չի սպառնում:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը: Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար, հունվարի 12-ին հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։.