21 մարտի 2015 - 12:19 AMT
Ապրիլի 23-ին Թուրքիայից բացի աշխարհի բոլոր հայկական եկեղեցիների զանգերը կղողանջեն

Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների շրջանակում աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում զանգերը ղողանջելու են Ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախաձեռնությանը չի մասնակցի միայն Պոլսո հայոց պատրիարքարանը, հայտնում է Tert.am-ը «Ակոսի» վրա հղումով:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն բոլոր հայկական եկեղեցիներին հանձնարարել էր ապրիլի 23-ին պատարագ մատուցել՝ ի հիշատակ հավատքի և հայրենիքի համար զոհվածների։Աշխարհի բոլոր եկեղեցիներում ապրիլի 23-ին՝ ժամը 19։15-ին, զանգերը ղողանջելու են 100 անգամ։

Թուրքիան, սակայն, այդ արարողությանը չի մասնակցելու։ Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նշել է, որ Ապրիլի 24-ին միջոցառում է տեղի ունենալու, սակայն ապրիլի 23-ին զանգերը 100 անգամ չեն ղողանջելու։

Աթեշյանը, սակայն, մարտի 22-ին Ստամբուլի հայկական եկեղեցիներում Չանաքքալեի մարտերում զոհված հայ զինվորների համար հոգեհանգստյան պատարագ է մատուցելու։

Ապրիլի 23-ին՝ Հայաստանի ժամանակով ժամը 19:15-ին, հայկական եւ քրիստոնյա մի շարք այլ եկեղեցիների զանգերը կղողանջեն, և գուժկանի 100 հարվածից անմիջապես հետո կհայտարարվի լռության րոպե: 2015-ի ապրիլի 24-ի կղողանջեն Ֆրանսիայի, Գերմանիայի բոլոր եկեղեցիների զանգերը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դարդանելիի (Չանաքքալեի) պատերազմական գործողությունների 100-ամյակի կապակցությամբ պետականորեն կազմակերպվելիք միջոցառումներ է նախատեսել ապրիլի 24-ին, չնայած, որ ամեն տարի այն նշվել է մարտի 18-ին: Ւ թիվս աշխարհի երկրների այլ նախագահների Էրդողանը հրավիրել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգիսյանին:

Նախագահ Սերժ Սարգսյանը` ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նամակի, որտեղ Թուրքիայի նախագահը Հայաստանի Հանրապետության նախագահին հրավիրել է ապրիլի 24-ին ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին, պատասխան նամակ է հղել, որում, մասնավորապես, ասված է.

Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին:

«Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:

Ուստի, խորհուրդ կտայի համաշխարհային խաղաղությանն ուղղված Ձեր կոչերում չմոռանալ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձ հղել աշխարհին՝ ոգեկոչելով մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Յուրաքանչյուրիս պարտքն է գալիք սերունդներին փոխանցել խեղաթյուրումից զերծ իրական պատմությունը՝ այդ կերպ կանխելով ոճրագործությունների կրկնությունն ու հող նախապատրաստելով ազգերի, հատկապես հարևան ազգերի միջև մերձեցման և հետագա համագործակցության համար»:

Հետգրությամբ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ դեռևս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել է Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»: