3 օգոստոսի 2006 - 15:11 AMT
Լիբանանի հայ եւ շիա համայնքների միջեւ քաղաքական տարաձայնություններ չկան
Հարաբերությունները Լիբանանի հայ եւ շիա համայնքների միջեւ միշտ եղբայրական են եղել, չի եղել ոչ մի դեպք, երբ երկու համայնքների շահերը բարդացած լինեին քաղաքական տարաձայնություններով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար, լիբանանահայ Ժիրայր Սեֆիլյանը: Նրա խոսքերով, Լիբանանի հայերը միշտ էլ հավանություն են տվել Իսրայելի կողմից գրավված Լիբանանի տարածքների ազատագրմանը: «Մեր քաղաքական եւ հոգեւոր առաջնորդները միշտ աջակցում են Լիբանանի ջանքերին այդ ուղղությամբ»,-ասել է նա: Սեֆիլյանի կարծիքով, այս պայքարում ամենակարեւոր գործող անձը «Հեզբոլլահ» կազմակերպությունն է: «Պետք է նշել, որ «Հեզբոլլահի» առաջնորդ շեյհ Հասան Նասրալլան մեծացել է հայկական շրջապատում, հայկական թաղամասում: Հեռուստատեսությամբ եւ ռադիոյով իր ունեցած ելույթներում, անդրադառնալով Լիբանանի ներքաղաքական խնդիրներին, Նասրալլան միշտ բարձր է գնահատել հայերի դերը երկրի հասարակական կյանքում: Հայկական կուսակցությունները պարբերաբար հանդիպում են «Հեզբոլլահի» ղեկավարության հետ, հայ երիտասարդությունը բարձր է գնահատում կազմակերպության դերը Լիբանանի ազատագրման եւ անկախության գործում: Մենք նույնպես տեսնում ենք այդ կազմակերպության դերը Լիբանանի կյանքում եւ գնահատում ենք այն փաստը, որ «Հեզբոլլահը» ընդհանուր ոչ մի բան չունի Ուսամա բեն Լադենի եւ նրա «Ալ-Ղաիդայի» հետ»,-ընդգծել է Սեֆիլյանը:

Նշենք, որ ներկայումս Լիբանանում բնակվում է 100 հազար հայ: Լիբանանում է գտնվում նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի վեհարանը (Անթիլյաս):