24 մարտի 2015 - 12:05 AMT
Սբ Մարգար հայկական եկեղեցին կիսավեր է՝ Կիպրոսի թուրքական հատվածում

Սուրբ Մարգար կամ Մարգարավաք հայկական եկեղեցին Կիպրոսի պատասխանատու կառույցների ուշադրության կարիքն ունի: Նախկինում ղպտիներին պատկանած կառույցն ավելի ուշ՝ 1425 թվականին հայկական եկեղեցու տնօրինությանն է հանձնվել: Այն երկար տարիներ Սիրիայում, Լիբանանում, Հայաստանում և Կիպրոսում բնակվող հայերի համար հոգևոր կարևոր կենտրոն է եղել, Hye Tert-ին հղումով գրում է Tert.am-ը:

Օսմանյան շրջանում դռների ու լուսամուտների գույնով պայմանավորված՝ սկսել է կոչվել «Կապույտ վանք»: Մի քանի անգամ վանական համալիրը հիմնանորոգվել է: Ժամանակին այստեղ ձեռագիր բազմաթիվ գրքեր են պահվել, որոնցից ամենահինը 1202 թվականին է թվագրված եկել: Այդ գրքերի որոշ մասը 1947-ին տեղափոխվել է Անթիլիասի հայոց կաթողիկոսարան:

Այս համալիրը հոգևորականների համար ամառանոց է եղել, այստեղ հանգստացել են նաև Կիպրոսում բնակվող շատ հայկական ընտանիքներ: Սուրբ Մարգարիոսի անվանակոչության օրն այստեղ բազմաթիվ հայեր են հավաքվել, հարիսա եփել: 1974-ից, սակայն, այդ այցերը դադարել են, և վերսկսվել են միայն 2007-ից հետո, երբ եկեղեցին արդեն կիսավեր վիճակում էր:

Վանքը հիմնել են ղպտիները մ.թ. 1000 թ. և նվիրված է այն Մակարիոս Ալեքսանդրացուն: Գտնվում է սարի վրա և լավ եղանակին տեսանելի են Տավրոսի լեռները Կիլիկիայում: Առաջին համաշխարհայինի տարիներին վանքում ապրում էին որբ երեխաները, որոնք մազապուրծ էին եղել Ցեղասպանությունից: Այնտեղ պահվող ամեահի հայկական ձեռագիրը թվագրվում է 1202թ.:

Մարգարավանքը 1974թ. հայտնվեց թուրքական զորքերի զավթած տարածքում և դանդաղ փլուզվում է: