24 մարտի 2015 - 16:57 AMT
ՇՀԿ ղեկավարությունն ընդլայնման համար արգելքներ չի տեսնում

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ընդլայնման համար ոչ մի իրավաբանական խոչընդոտ չկա, նոր երկրների անդամակցումը միայն կբարձրացնի կազմակերպության հեղինակությունը միջազգային խնդիրների լուծման գործում, հայտարարել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Դմիտրի Մեզենցևը:

Այսօրվա դրությամբ ՇՀԿ անդամ երկրներն են ՌԴ-ն, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: Դիտորդի կարգավիճակ ունեն Աֆղանստանը, Հնդկաստանը, Իրանը, Մոնղոլիան ու Պակիստանը: ՇՀԿ աշխատանքային խումբը քննում է Պակիստանի, Իրանի ու Հնդկաստանի լիիրավ անդամակցության հայտերը: Ադրբեջանը, Հայաստանը, Բանգլադեշը, Նեպալը, Սիրիան դիտորդի կարգավիճակի համար են դիմել:

«Դուշանբեի գագաթնաժողովում վեց երկրների ղեկավարները կարևոր փաստաթղթեր են ստորագրել, որով ավարտվեց կազմակերպության ընդլայնման նորմատիվային բազայի ձևավորումը: Ստորագրվել է տիպային հուշագիր հայտատու պետությանը ՇՀԿ լիիրավ անդամի կարգավիճակ տրամադրելու մասին: Երկրորդ կարևոր փաստաթուղթը ՇՀԿ նոր անդամների ընդունման կարգն է: Այսպիսով, այլևս ոչ մի իրավական խոչընդոտ չկա կազմակերպության ընդլայնման համար»,-հայտարարել է Մեզենցևը Պեկինում կայացած մամուլի ասուլիսում:

Մեզենցևը նշել է, որ այժմ «քննարկվում են նախկինում ներկայացված լիիրավ անդամակցության, ինչպես նաև դիտորդի ու «երկխոսության գործընկերոջ» կարգավիճակների վերաբերյալ հայտերը»,-հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք բոլորս կողջունենք կազմակերպության ընդլայնումը, ինչը կնպաստեր ՇՀԿ հեղինակության ու ազդեցության աճին տարածաշրջանում միջազգային օրակարգի հարցերի լուծման առումով»,-ասել է Մեզենցևը: Նա, սակայն, խորհուրդ է տվել «համբերել» ու սպասել որոշումներին, որոնք կընդունվեն ՇՀԿ հերթական գագաթնաժողովում: ՇՀԿ հաջորդ գագաթնաժողովը կայանալու է Ուֆայում ընթացիկ տարվա հուլիսի 8-10-ը:

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ընդլայնման գործարկումը կազմակերպությունում ՌԴ նախագահության առաջնահերթությունն է լինելու, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Իգոր Մորգուլովը մարտի 11-ին Խանտի Մանսիյսկում ՇՀԿ 10-րդ նստաշրջանի բացմանը: 2014-ի սեպտեմբերից ՇՀԿ-ում նախագահում է Ռուսաստանը:

Դեռ 1996 թվականից սկսած՝ գործում էր Շանհայի հնգյակը (Չինաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան և Տաջիկստան): 2001 թվականին Հնգյակին միացավ նաև Ուզբեկստանը, և կազմակերպությունը վերանվանվեց Շանհայի համագործակցության կազմակերպություն: ՉԺՀ Շանհայ քաղաքում հիմնված կազմակերպության շտաբ-կայանը Պեկինում է: Կազմակերպությունը մեծ հաջողություններ գրանցեց անդամ երկրների միջև սահմանային խնդիրների կարգավորման, անվտանգության և սահմանամերձ շրջաններում ռազմական ուժերի նվազեցման ասպարեզում: Կազմակերպությունը հետագայում ընդլայնեց իր գործունեությունը, և ներկայումս անդամ երկրների միջև համագործակցությունն ընդգրկում է նաև ոազմական, տնտեսական և մշակութային բնագավառները: 2013-ի ապրիլին Թուրքիան Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԼ) «երկխոսության գորընկերոջ» կարգավիճակ ստացավ:

Դիտորդի կարգավիճակ ունեն Հնդկաստանը, Իրանը, Մոնղոլիան և Պակիստանը: «Երկխոսության գորըծնկեր» են Բելառսուը և Շրի Լանկան: