ՌԴ ԴՄԾ-ն երկարացրել է երկրորդ քաղաքացիության մասին դիմումի ներկայացման ժամկետը: Երկրորդ քաղաքացիության առկայության մասին դիմում ռուսաստանցիները կարող են ներկայացնել մինչր 2016-ի հունվարի 1-ը:
Փաստաթղթերն այժմ կարելի է ներկայացնել լիազոր անձի միջոցով՝ լիազորագիր ձևակերպելով (նախկինում հիվանդներն ու նույնիսկ հաշմանդամները պետք է անձամբ ներկայանային ԴՄԾ):
Դիմումի ներկայացման ժամկետը երկարացվում է մինչև 2016-ի հունվարի 1-ը միայն այն դեպքում, եթե ռուսաստանցին (2014 թ. օգոստոսի 4-ի դրությամբ) ունի Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի կացության իրավունք, քաղաքացիություն (կամ օտարերկրյա պետությունում մշտապես բնակվելու իրավունքը հաստատող այլ փաստաթուղթ):
2014թ. օգոստոսի 4-ից հետո ՌԴ քաղաքացիություն ստացած և միաժամանակ օտարերկրյա պետության քաղաքացիություն կամ կացության կամ մշտական բնակության իրավոնք տվող այլ փաստաթուղթ ունեցող քաղաքացիներն ըստ ՌԴ օրենսդրության պարտավոր չեն իրազեկել համապատասխան մարմիններին: ՌԴ սահմաններից դուրս գտնվելու պատճառով օրենքով հաստատված ժամկետում իրազեկում չներկայացրած քաղաքացիները պարտավոր են այն ներկայացնել ՌԴ մուտք գործելուց 30 օրվա ընթացքում:
Իրազեկման ներկայացման ժամկետների խախտումը վարչական տուգանք է ենթադրում, այդ թվում Ուկրաինայի Լուգանսկի և Դոնեցկի շրջաններից ժամանած քաղաքացիների համար:
2014-ի օգոստոսին ընդունված նոր օրենքի համաձայն երկքաղաքացիություն ունեցող ռուսաստանցիները պետք է իրազեկեն այդ մասին ՌԴ ԴՄԾ աշխատակիցներին: Օտարերկրյա անձնագիրը թաքցնելու համար սպառնում է քրեական պատասխանատվություն՝ մինչև 200.000 ռուբլի տուգանք կամ 400 ժամ ուղղիչ աշխատանքներ:
Իրազեկման համար կարելի է անձամբ դիմել ԴՄԾ բաժանմունք կամ փոստով ուղարկել փաստաթղթերը: Ծանուցմանը հարկ կլինի կցել անձը հաստատող փաստաթղթի պատճեն, ինչպես նաև այլ քաղաքացիության առկայությունը հաստատող փաստաթղթի պատճեն:
Մինչ այս նորամուծությունը, ըստ օրենքի, Ռուսաստանը չէր արգելում երկքաղաքացիությունը, սակայն ցանկացած իրավաբանական հարցում երկքաղաքացուն համարում էր միայն ՌԴ քաղաքացի, եթե մյուսը նշված չէր դաշնային օրենքում:
Ավելի ուշ Հայաստանում ՌԴ դեսպանատունը պարզաբանեց, որ օրենքը պարտավորեցնում է ՌԴ քաղաքացիներին երկրորդ քաղաքացիություն ստանալու դեպքում անմիջապես տեղյակ պահել այդ մասին ՌԴ ԴՄԾ մարմիններին անձամբ կամ փոստով ՌԴ տարածքում, այլ ոչ թե Հայաստանի:
Այսպիսով, Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն ու ՀՀ-ում ՌԴ ԴՄԾ ներկայացուցիչները նշված իրազեկումները չեն ընդունում և չեն դիտարկում:
Հայաստանի քաղաքացիություն ունեցող ՌԴ քաղաքացիները, որոնք մշտապես բնակվում են ՀՀ-ում, պարտավոր չեն հայտնել երկքաղաքացիության մասին մինչ ՌԴ տարածք մտնելը: