25 մարտի 2015 - 12:14 AMT
Անկարայի քաղաքապետը դատի է տվել իրեն հայ անվանած հայ լրագրողին

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը դատի է տվել հայ լրագրող Հայկո Բաղդատին և 10 հազար լիրայի չափով բարոյական փոխհատուցում է պահանջում Тwitter-ում իրեն հայ անվանելու համար:

Գյոքչեքի փաստաբաններ Ֆաթիհ Աթալայն ու Չաղրը Ալքանը դիմել են Անկարայի դատախազություն՝ բողոք ներկայացնելով, որ Բաղդատը Twıtter-ի իր միկրբլոգում գրել է. «Մելիհ Գյոքչեքը հայ է», թուրքական «Ենի Շաֆաք»-ին հղումով գրում է Tert.am-ը:

Բաղդատը նաև գրել է, որ մայրաքաղաքը, փաստացի, հայի են հանձնել, ինչը ևս տեղ է գտել բողոքում։ Նշվում է, որ հայ լրագրողը հայտնի անձ է, ինչի պատճառով էլ նրա գրառումը շատ մարդ է տեսել։

«Գյոքչեքը երկիրն ու ազգը սիրող, Թուրքիայի հայրենասեր քաղաքացի է, և Բաղդատն էլ դա գիտի։ Սակայն նման գրառում կատարելով՝ նա քաղաքացիներին ուղղորդել և մեր պաշտպանյալի վերաբերյալ հանրային կարծիք ձևավորել է փորձում։ Քաղաքապետի ձեռքբերումներն ու Անկարայի մեծ փոփոխությունները տանել չկարողացող Բաղդատը մեր պաշտպանյալի դեմ տարբեր հարթակներով հարձակում է սկսում»,- նշված է բողոքի դիմումում։

Փաստաբանները հավելել են, որ նման արտահայտություններով Բաղդատը վիրավորել է նաև Գյոքչեքին ընտրած բոլոր անկարացիներին։

2014-ի հունիսի 8-ին դեռ Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանը NTV հեռուստաընկերության եթերում ասել էր, թե իր քաղաքական գործունեության ընթացքում լրատվամիջոցներն իրեն ինչպես ասես, որ չեն անվանել. «Ինձ վրացի են անվանել, և նույնիսկ ամենավատը՝ հայ, բայց ես թուրք եմ»: