25 մարտի 2015 - 15:12 AMT
Չիչեքը կրկնվում է. Ընդհանուր ցավ, Թուրքիայի բաց արխիվներ, Էրդողանի մեկնած ձեռք

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքն ԱՄՆ այցի շրջանակում ելույթ է ունեցել Միջազգային ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնում կայացած «Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները 21-րդ դարում» խորագրով համաժողովի ընթացքում։

Չիչեքն անդրադարձել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ներկայացված և 46 ամերիկացի կոնգրեսականի աջակցությունը ստացած Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկմանը և նշել է, թե «Թուրքիան ամենից շատն է ցանկանում, որ 1915-ի դեպքերը բացահայտվեն», գրում է Tert.am-ը:

«Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման համար ջանքերում փոփոխություններ չեն եղել, քանի որ դեպքերի 100-ամյակի՝ ապրիլի 24-ի մոտենալուն զուգահեռ՝ Հայաստանը բարի կամքի դրսևորումներին դրական արձագանքելու փոխարեն իր էներգիան ծախսում է Թուրքիայի դեմ միջոցառումներ կազմակերպելու համար»,- ասել է նա։

Չիչեքն ընդգծել է, թե իրենք դեռ հույս ունեն կարգավորել երկու երկրների հարաբերությունները՝ նախագահի և վարչապետի՝ ցավակցական ուղերձն ու հայտարարություններն այդ ուղղությամբ արված քայլեր են։

«Անշուշտ, այս պատերազմի ցավերից հայերը, քրդերը, արաբները, Անատոլիայի բոլոր խմբերն իրենց բաժինն են ստացել։ Անատոլիայի բոլոր ազգերի համար դա մի շարք պատճառներ է ունեցել»,- թուրքական ժխտողական համեմատաբար վերջերս կիրառվող թեզերից մեկն է օգտագործել Չիչեքն ու կրկնել թուրքական հայտնի պնդումը՝ բոլոր արխիվների բաց լինելու մասին, և կոչը՝ հայկական արխիվները բացելու վերաբերյալ։

Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձևն առաջիկայում կհայտնվի ամերիկացի օրենսդիրների օրակարգում։ «Ճշմարտության և արդարության բանաձև» ձևակերպումը ստացած փաստաթղթին աջակցելու պատրաստակամություն է հայտնել 46 կոնգրեսական՝ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններից։

Փաստաթուղթը կոչ է անում նախագահ Բարաք Օբամային ջանքեր գործադրել, որպեսզի հայ-թուրքական հարաբերություններ հաստատվեն. կառուցողական, արդար և տևական հարաբերություններ՝ ընդգծում են ամերիկացի կոնգրեսականները և հավելում՝ այդ հարաբերությունները պետք է հիմնված լինեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստերի և դրանց հետևանքների լիակատար ճանաչման վրա:

Ամերիկացի կոնգրեսականներն իրենց ելույթներում հստակեցնում են՝ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում մեկուկես միլիոն հայ է սպանվել՝ հայ լինելու համար։ «Ոչ մի կասկած չկա, որ հայերը 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհն են դարձել»,- բանաձևը ներկայացնելիս հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը։