26 մարտի 2015 - 10:57 AMT
ԵՄ-ն և Հայաստանն ավարտել են իրավաբանական համաձայնագրի ուրվագծման աշխատանքները

Եվրամիությունը հրապարակել է Հայաստանի վերաբերյալ «Եվրոպական հարևանության քաղաքականության 2014թ.-ի առաջընթացի զեկույցը»։ Հայաստանի վերաբերյալ զեկույցն ընդգծում է 2014թ, հիմնական առանցքային զարգացումներն ու բարեփոխումների ջանքերը, ինչպես նաև ներկայացնում է առաջարկներ՝ գալիք տարվա համար, հայտնում է Panorama.am-ը:

Ինչպես նշվում է զեկույցում, Եվրամիությունն ու Հայաստանը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ զարգացնել և ամրապնդել իրենց համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում։ ԵՄ-ն և Հայաստանը վերջերս հաջողությամբ ավարտել են ապագա իրավաբանական համաձայնագրի ուրվագծման աշխատանքները, որը համատեղելի է Հայաստանի նոր միջազգային պարտավորությունների հետ։ Սա երկու կողմերին հնարավորություն կտա սկսել բանակցությունները Եվրամիություն-Հայաստան նոր լայնածավալ համաձայնագրի շուրջ, երբ համապատասխան մանդատը հաստատվի։

Զեկույցում նշվում է, որ 2014թ.-ին Հայաստանը առաջընթաց է գրանցել մի քանի երկկողմ պայմանագրերում. Եվրամիություն-Հայաստան վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերը ուժի մեջ մտան 2014թ.-ի հունվարի 2-ից և 2014թ.-ի մարտից Հայաստանը կարող էր մասնակցել ԵՄ-ի ծրագրերին և գործակալություններին։

Զեկույցում ասվում է, որ Հայաստանը շարունակել է իր ժողովրդավարացման գործընթացը, մասնավորեցնելով սահմանադրական բարեփոխումները։

Մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և իրավունքի գերակայության որոշակի հարցեր դեռևս մնում են։ Հայաստանը մի շարք ոլորտներում մշակել է օրենսդրություն, որը համահունչ է ԵՄ կանոններին և չափանիշներին կամ միջազգային պահանջներին։ Այս օրենսդրությունը դեռևս պետք է ընդունվի և իրականացվի։ Բարեփոխումներ մշակվել են, սակայն գործնականում չեն կիրառվել։ Դատական համակարգի նկատմամբ վստահության բացակայությունը շարունակվում է պահպանվել։ Կոռուպցիայի դեմ պայքարը մնում է առանցքային հարց։ Առաջընթաց է գրանցվել անվճար իրավաբանական օգնության իրավունքի հետ կապված։

Հայաստանը շարունակում է իրականացնել առողջ մակրոտնտեսական քաղաքականություն, ինչպիսին են աղքատության կրճատման և սոցիալական համերաշխության հետ կապված։ Տնտեսական ակտիվությունը շարունակել է դանդաղել 2014թ.-ին։ Հարկային վարչարարության բարեփոխումները շարունակվել են։ Ցանկալի է առավել մեծ ջանքեր՝ ուղղված տնտեսության դիվերսիֆիկացմանը։

Եվրոպական հանձնաժողովը ստացել է Հայաստանի՝ Մեծամորի ատոմակայանի սթրես-թեստը։ Թեստը կվերանայվի 2015թ.-ին։ Այս ընթացակարգը համահունչ է ԵՄ միջուկային անվտանգության պահանջներին։

2014թ.-ին լրացավ 1994թ.-ի հրադադարի համաձայնագրի 20-ամյակը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շարունակվող փակուղային ֆոնի վրա։ Անվտանգության իրավիճակը շարունակում է լուրջ մտահոգության առարկա լինել՝ 1994թ.-ից ի վեր աննախադեպ միջադեպերի և զոհերի, ինչպես նաև առճակատման հռետորաբանության ու շարունակվող սպառազինությունների մրցավազքի պայմաններում։

Եվրամիությունը, հիմք ընդունելով առաջընթացի զեկույցը, Հայաստանին առաջարկում է մի շարք քայլեր գալիք տարվա համար, որոնց թվում են.

• Նախաձեռնել ընտրական օրենսգրքի փոփոխություններ՝ ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ի առաջարկություններին համապատասխան, պատշաճ ժամկետներում՝ մինչև 2017թ․-ի խորհրդարանական ընտրություններ։

• Ընդունել և իրականացնել խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրություն։

• Ուսումնասիրել մարդու իրավունքների պաշտպանների վրա հարձակումների և ահաբեկումների դեպքերը և ապահովել արդյունավետ իրավակիրառում՝ ներառյալ այն մահվան դեպքերը, որոնք տեղի են ունեցել 2008թ․-ի մարտին բախումների ժամանակ, կալանքի տակ գտնվողների նկատմամբ դաժան վերաբերմունքի պնդումները և պատշաճ գործընթացի խախտումները։

• Խթանել դատական ու իրավապահ մարմինների բարեփոխումները և իրականացնել համապատասխան բարեփոխումների օրակարգը՝ շարունակելով հանրային կառավարման բարեփոխումները, խթանելով կոռուպցիայի դեմ պայքարը։

• Ընդլայնել ջանքերը՝ ուղղված համապարփակ խաղաղ կարգավորմանը՝ Մինսկի խմբի շրջանակներում ստանձնած պարտավորություններին համաձայն, զերծ մնալ այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են բարձրացնել լարվածությունը և վնասել խաղաղ գործընթացին։