26 մարտի 2015 - 11:32 AMT
Մահացել է մարտի 19-ի դիվերսիայի ժամանակ վիրավորված զինվորներից մեկը

Այսօր` մարտի 26-ին, ժամը 09:40-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված խմբին դիմակայելու ժամանակ ծանր վիրավորված ՊԲ զինծառայող, 1995-ին ծնված Սամվել Սասունի Հակոբյանը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ-ն։

Երևանի կենտրոնական կլինիկական զինհոսպիտալ տեղափոխված զինվորների վիճակը միջին ծանրության է, ասել է հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը, գրում է «Երկիր»-ը:

«Երկուսն էլ հիմա հետվիրահատական շրջանում են: Կարող եմ ասել` դեպի լավն են գնում»,- ասել է նա:

Ասատուրյանը տեղեկացրել է նաև, որ Մարտակերտի հոսպիտալում գտնվող վիրավոր զինծառայողի վիճակը շարունակում է մնալ նույնը` ծայրահեղ ծանր: Էդգար Մարտիրոսյանը որովայնի վիրավորում ուներ և վիրահատվել էր Մարտակերտի հոսպիտալում: Սպա Սարգիս Գաբրիելյանն ունի աջ վերին վերջույթի տրավմատիկ ամպուտացիա, ինչպես նաև բեկորային վնասվածքներ:

Մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Մոտ 2 ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր դիրքերի մատույցներում:

Հակառակորդը մարտադաշտում է թողել տարբեր տեսակի զենք ու զինամթերք, այդ թվում АК տիպի ինքնաձիգ` իսրայելական արտադրության գիշերային տեսանելիության նշանոցով և խլացուցիչով, սակրավորի հատուկ հանդերձանք, 4 հատ «Муха» տիպի նռնականետ, հարձակողական նռնակներ, փամփուշտի պահունակներ, մեծ քանակության օգտագործված ներարկիչներ, որոնք ամենայն հավանականությամբ կիրառվել են վիրավորներին ցավազրկելու նպատակով:

Հակառակորդին դիմագրավելու ժամանակ զոհվել էին ՊԲ զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը և Արշակ Հարությունյանը: Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայող վիրավորվել էր և հոսպիտալացվել: Նրանց ցուցաբերվել էր համապատասխան բժշկական միջամտություն: Երկու զինծառայողի վիճակը գնահատվել էր կայուն ծանր, իսկ մյուսների կյանքին վտանգ չի սպառնում:

2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը: Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար: