26 մարտի 2015 - 16:37 AMT
Պեկինում քննարկվել է ՀՀ-Իրան երկաթուղու, նոր ԱԷԿ-ի կառուցմանը չինական ընկերությունների հնարավոր մասնակցությունը

Նախագահ Սերժ Սարգսյանը Պեկին այցի շրջանակում մարտի 26-ին հանդիպել է ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանին: Քննարկվել է փոխշահավետ և հեռանկարային մի շարք ոլորտներում երկկողմ հարաբերությունները խորացնելու, Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցության առկա մեծ ներուժը ի նպաստ երկու բարեկամ երկրների լիարժեքորեն օգտագործելու հետ կապված հարցերի լայն շրջանակ: Այն ներառել է էներգետիկայի, տրանսպորտի, քիմիական արդյունաբերության, կրթության, գիտության, մշակույթի, գյուղատնտեսության, ավիացիայի, զբոսաշրջության, ենթակառուցվածքների զարգացման և մի շարք այլ բնագավառներ:

ՀՀ նախագահը և ՉԺՀ պետական խորհրդի նախագահը մեծապես կարևորել են Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի աշխատանքը՝ երկկողմ համագործակցությունը փոխհամաձայնեցված բոլոր ուղղություններով գործնական հարթություն տեղափոխելու առումով:

Ընթացիկ տարվա ամռանը Երևանում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, կողմերի համոզմամբ, օրակարգում անհրաժեշտաբար պետք է ներառի հայ-չինական համագործակցության հեռանկարային բոլոր ծրագրերը:

Սերժ Սարգսյանը և Լի Քեցյանը գոհունակությամբ են նշել երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում վերջին տարիներին արձանագրած առաջընթացը: Չնայած ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճին՝ կես միլիարդ դոլարը գերազանցող ցուցանիշին, Հայաստանից Չինաստան արտահանման մեծացմանը, այդուհանդերձ, զրուցակիցների կարծիքով, երկու երկրները չպետք է բավարարվեն եղած ձեռքբերումներով և պետք է ջանքերը շարունակեն առկա տնտեսական ներուժը լիարժեքորեն օգտագործելու, Հայաստանի տնտեսության մեջ չինական ներդրումների ներգրավման և համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը նոր և ավելի մեծ հնարավորություններ է բացում նաև հայ-չինական տնտեսական հարաբերություններն ընդլայնելու տեսանկյունից:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել են Հայաստանի նախագահի՝ Չինաստան պետական այցի շրջանակներում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածություններն ու բանակցությունների արդյունքներով ստորագրված համագործակցության փաստաթղթերը:

Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ողջունել է Մետաքսի մեծ ճանապարհի վերականգնման՝ չինական կողմի նախաձեռնությունը և դրա իրագործման ուղղությամբ տարվող նպատակադրված աշխատանքը, որում, ըստ Հանրապետության նախագահի, Հայաստանը կարող է իր ներդրումն ունենալ: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի, Հայաստանն ու Իրանը միացնող երկաթուղու, Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման ծրագրերին չինական ընկերությունների հնարավոր մասնակցությանը: Հանդիպման ընթացքում քննարկված այդ և մի շարք այլ ոլորտներում փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորությունները հանգամանորեն քննարկելու նպատակով, Չինաստանի պետական խորհրդի նախագահը հանձնարարել է այդ հարցերով պատասխանատու նախարարին՝ անձամբ զբաղվել նշված աշխատանքով:

Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը՝ Հայաստանի կառավարությանը ցուցաբերած անհատույց օգնության համար, որի արդյունքները, Հանրապետության նախագահի խոսքով, տեսանելի են և բարձր են գնահատվում մեր ժողովրդի կողմից, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պետական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև Թյանանմենի հրապարակ, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Ժողովրդական հերոսների հուշարձանին:

ՀՀ նախագահն այնուհետև Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դըծյանի հետ: Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահը ողջունել է Հայաստանի նախագահին և ընդգծել, որ ի դեմս Հայաստանի Հանրապետության՝ Չինաստանն ունի վստահելի և լավ գործընկեր, որի հետ դինամիկ զարգացող քաղաքական երկխոսությունը հիմնված է փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Նա կարևորել է նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստան և դրա շրջանակներում նախագահ Սի Ծինփինի հետ կայացած բարձր մակարդակի արդյունավետ բանակցությունները, որոնք, Ճանգ Դըծյանի համոզմամբ, նոր խթան կհաղորդեն երկկողմ հարաբերություններին՝ դրանք բարձրացնելով որակապես նոր մակարդակի:

Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում համագործակցության խորացման և հայ-չինական կապերի առավել սերտացման գործում Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահը մեծ դեր է վերապահել միջխորհրդարանական համագործակցությանը. երկու երկրների խորհրդարանները, ըստ նրա, օրենսդրորեն ամրապնդելով նախագահների միջև ձեռքբերված պայմանավորվածությունները, զգալիորեն կնպաստեն քաղաքական երկխոսության զարգացմանը: Ճանգ Դըծյանը գոհունակությամբ է խոսել Հայաստանի ազգային ժողովի հետ ձևավորված փոխգործակցության մասին:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի ու հյուրընկալության համար և նշել, որ Հայաստանը Չինաստանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես իր արտաքին քաղաքականության կարևոր առաջնորդություններից մեկը և մեծ նշանակություն է տալիս աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը ներկայացնող ու միջազգային հանրության ազդեցիկ անդամ Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների խորացմանը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, անցած տարիների ընթացքում միջազգային կառույցների շրջանակներում հաջող համագործակցությունն ու փոխադարձ աջակցությունն ամրապնդել են հայ-չինական բարեկամությունն ու վստահությունը: Հանդիպմանը կարևորվել է նաև տարեցտարի զարգացող միջկուսակցական համագործակցությունը:

ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դըծյանի հետ հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության մաս կազմող Կայսերական ամառային պալատում, որտեղ լավագույնս արտացոլված է չինական հարուստ մշակույթն իր բազմազանությամբ: